Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/23

Այս էջը հաստատված է

չգիտեք, դուք մեր տան անունը կարող եք ծաղրի ենթարկել։

ՀԵՂԻՆԵ. Օլգա՛, ես չեմ հասկանում ձեր տարօրինակ բարկության պատճառը։ Ասացեք, ես ի՞նչ բան եմ գործել, որ անպատվաբեր լիներ այս տանը կամ ձեզ։
ՕԼԳԱ. Կան բաներ, որ չեն ասվում, այլ միայն զգացվում են։ Դուք շատ համարձակ եք պահում ձեզ, տիկին, շատ։
ՀԵՂԻՆԵ. Ճշմարիտ, զարմանալի է. լսելով ձեր վրդովված հանդիմանությունը, կարող են կարծել, որ իրավ ես մի մեղք ունեմ։ Այնինչ դուք հանդիմանում եք ինձ և ոչինչ չեր բացատրում ։
ՕԼԳԱ. Բացատրե՜լ, այո, կբացատրեմ, բայց ոչ այժմ, որովհետև ես պետք է աշխատեմ փաստեր ձեռք բերել ձեր հանցանքի չափը որոշելու համար։
ՀԵՂԻՆԵ. Հանցանքի՞։ Օրիո՛րդ, դուք կատա՞կ եք անում, թե՞ մենք երազում ենք։ Ասացեք, ապա թե ոչ դուք ինձ վիրավորեցիք և չգիտեմ ինչ կպատասխանեմ ձեզ։
ՕԼԳԱ. Ես ասացի այնքան, որքան հարկավոր էր ասել։ Առայժմ գոհ եղեք, որ կա մեկը, որ ոգևորված գովում է ձեզ հանդեսներում իբրև արտակարգ գեղեցկության և համակրությանմի կատարելատիպի։ Բայց մնացյալը հետո։ Հանգիստ կացեք․ այն, ինչ որ իմ սիրտն է զգում, հազիվ այu տան մեջ կարող է մի ուրիշը զգալ: Հասկանում եք։ Իսկ ես, մի՛ վախենաք, առայժմ խոհեմ կպահեմ ինձ ամուսնուդ մոտ։ Տե՜ր աստված, և այս կինը իմ եղբոր, այն էլեգանտ, այն արիստոկրատ և ազնիվ մարդու ամուսինն է։ (Շտապով գնում է միջին դոներով):

ՏԵՍԻԼ ԺԵ․

ՀԵՂԻՆԵ, հետո ՄԻՔԱՅԵԼ

ՀԵՂԻՆԵ. Ես ապշած եմ։ Չգիտեմ զայրանա՞մ, արտասվե՞մ, թե ծիծաղեմ։ «Հանցա՛նք»... Նա պետք է «փաստեր ձեռք բերի», այսպե՞ս լսեցի արդյոք։ «Մնացյալը հետո»... «կա մեկը, որ ինձ ոգևորված գովում է»... Ո՞վ է նա, ինչո՞ւ է գովում։ Ի՞նչ էին նշանակում այդ աղջկա խոսքերը.