Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/236

Այս էջը հաստատված է

պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ ձեռի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է։ Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ։ Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում։


ՍԱՂԱԹԵԼ. Իմաստունի խոսքերն են։ (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ իսկույն վերադառնում):

ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր գրասեղանի քով և այդ պահին տեսնում Երանուհուն) Աա՜, դու այստե՞ղ ես։ Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել։ (Վրդովելով) Մի՛ սևացնիր օրս, մի սևացնիր, առանց քեզ էլ սևացնողներ կան։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ուզողին մերժելը մեղք է։

ԱՆԴՐԵԱՍ. (Կծու հեգնությամբ) Հաա՞, միլիոնատերի աղջիկ, աֆերիմ։ Որ այդպես է, տուր էլի քո օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ քարվանսարաներից։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս։

ԱՆԴՐԵԱՍ. Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր, «բարություն արեք»։ Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում։ Բարությո՜ւն։ Բարությո՞ւնս որն է։ Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես բարձրացնես։ (Սակավ լռություն. Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն տղան։

ՍԱՂԱԹԵԼ. Դեռ ոչ։

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ։ Ի՞նչ ես ուզում ինձանից։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչելով) Ոչինչ։

ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ ե՞րբ եմ նախատել։

ԱՆԴՐԵԱՍ. Դո՞ւ։ Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ։ Ես քեզ լավ եմ ճանաչում, դու իմ առաջին թշնամին ես (Վեր է կենում և սկսում անցուդարձ անել):

ԵՐԱՆՈԻՀԻ. Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին։