Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/239

Այս էջը հաստատված է

ԱՆԴՐԵԱՍ. Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր։ Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ դուքանու մեկը կլինեի։ Նա հոտառություն չուներ։ Ես էի, որ անդադար ասում էի. «Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու»։ Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս։ Իսկ այդ լակոտն եկել է ու ասում է, «Տուր ինձ կեսը»։ Փահ, գժվել եմ, որ տամ։ Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում։ (Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն։ Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս։ — Քոռ ապերախտություն։


ՍԱՂԱԹԵԼ. Լավ, քիչ խառնիր արյունդ։ Մի կերպ ռեխը կկապենք, կգնա։

ԱԴՐԵԱՍ. Իհարկե, պետք է ռեխը կապել։ Ես խոմ չիմ կարող նրա հետ դատարան գնալ։ Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր...

ՎԱՐԴԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ արխալուղից կարն, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի։

ԱՆԴՐԵԱՍ. Խնդրի՛ր։ (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց գրասենյակ, հետո կգաս։

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով):

ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին սիրալիր արտահայտություն տալով):

ՏԵՍԻԼ 7


ԱԴՐԵԱՍ, ՕԹԱՆՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ՝ ՍԱՂԱԹԵԼ

ՕԹԱՆՅԱՆ․ (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և քաղաքավարի գլուխ տալիս):

ԱԴՐԵԱՍ. (Սիրալիր) Բարով, որդի: Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞ լ ես։