Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/24

Այս էջը հաստատված է

«առայժմ խոհեմ կպահեմ ինձ ձեր ամուսնու մոտ»: Աստվա՜ծ իմ, պարզիր ինձ այդ գաղտնիքը։ (Միջին դռներից ներս է մտնում Միքայելը):

ՄԻՔԱՅԵԼ. Սիրելիս, ներիր, որ այսօր առանց քեզ հետ տեսնվելու դուրս եկա տնից: Բայց այդ ի՞նչ է պատահել, դու հուզվա՞ծ ես, դողո՞ւմ ես։
ՀԵՂԻՆԵ. Պատճառներ շատ կան հուզվելու։
ՄԻՔԱՅԵԼ. Ասա, երևի դարձյալ մի չար երազ վրդովել է քո հանգստությունը։
ՀԵՂԻՆԵ. Իմ ամբողջ կյանքը բաղկացած է չար երազներից, որոնցից մեկը հենց այժմ կատարվեց այստեղ:
ՄԻՔԱՅԵԼ. Վերջապես, պե՞տք է ասես, թե ինչ է պատահել։
ՀԵՂԻՆԵ. Քո մայրը մի քանի րոպե առաջ իմ մորը անպատվեց և համարյա թե վռնդեց այս տնից, օօ՜օ, որքան այդ դառն էր։
ՄԻՔԱՅԵԼ. Վռնդե՞ց, այդ անկարելի բան է։
ՀԵՂԻՆԵ. Սակայն իրողություն է։
ՄԻՔԱՅԵԼ. Աա՜, ես իսկույն փողոցում հանդիպեցի մորդ։ Նա, առանց ինձ բարևելու անցավ մոտովս։ Ուրեմն այստեղ վե՞ճ է պատահել:
ՀԵՂԻՆԵ. Այո, և խոշոր վեճ։
ՄԻՔԱՅԵԼ. Եվ ի՜նչ պատճառով։
ՀԵՂԻՆԵ. Այն պատճառով, որ ես հանդգնել եմ քո ամուսինը դառնալ։ Հանդգնել եմ կապել քո փառահեղ իշխանական ցեղի անուն մի տխուր հիշատակ ունեցող մարդու անվան հետ։ Վերջապես,հանդգնել եմ քեզ անբախտացնել, խլել քո ազատությունը, կապել քո ճանապարհը դեպի մի երաջանիկ կյանք, թունավորել եմ քո կյանքը, իսկ ինքս ապրում եմ այսպես հանգիստ, բախտավոր և երջանիկ։
ՄԻՔԱՅԵԼ. Երդվում եմ, ոչինչ չեմ հասկանում քո ասածից։
ՀԵՂԻՆԵ. Որովհետև ձեռնտու չէ հասկանալը, որովհետև միշտ սիրել ես իրողությունը կեղծել իմ առաջ, միշտ կատակով ու ծաղրով ես վերաբերվել դեպի այն բանը, որ իմ վշտալի սրտի արտահայտությունն է։ Սակայն ի՞նչ իրավունքով ես ուրիշ բան պահանջեմ մի մարդուց, որ երդվել է դատապարտել ինձ լուռ ու հապաղ մահվան։