ԲԱԳԲԱՏ. (Հեգնորեն) Ընկեր, հը՜, ընկեր։ Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական ոչինչ չկա։
ԱՆԴՐԵԱՍ. (Հանդիմանությամբ) Բագրա՜տ։
ԲԱԳՐԱՏ. (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում եմ, որ ժամանակն է մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու։ Նա ինչ-որ պահանջներ ունի քեզանից։
ԱՆԴՐԵԱՍ. (Խիստ) Այդ քո գործը չէ։ Դու բանիդ կաց։
ԲԱԳԲԱՏ. (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել դեպի մի մարդ, որ ուզում է մեր անունը խայտառակել։ Այն էլ մի այնպիսի մարդ, որ դեռ չի դուրս եկել մեր փողերով գնված հագստից։
ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ զսպում է իրան) Պարոն Անդրեաս, զսպեցեք ձեր որդուն։ Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ։
ԲԱԳՐԱՏ. Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն։ Հայրիկը կարող է ձեզ հետ վարվել ինչպես կամենում է։ Իսկ մեր մեջ պետք է ամեն բան պարզվի հենց այժմ։
ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր։
ԲԱԳՐԱՏ. Բայց, հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է։ Ուստի թույլ տուր նրան մի քանի հարցեր աոաջարկել: (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի իմանալ, դուք բավարարվա՞ծ եք մեզանից, թե՞ ոչ։
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Այո՛։
ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Ձեր հայրը։
ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու քույրերին։
ՕԹԱՐՅԱՆ. Ձեր հայրը:
ԲԱԳՐԱՏ. Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել երախտամո՞ռ։ Եվ այդ բոլորից հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սառը վերաբերվեմ այդ մարդուն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ։ Դու ոչինչ չես հասկանում։