Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/244

Այս էջը հաստատված է

ԲԱԳՐԱՏ. Բայց նա քեզ անպատվեց։ Նա քեզ կողոպտիչ անվանեց։

ԱՆԴՐԵԱՍ. (Զսպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը։ Երեխա է, ոչինչ չի հասկանում, տաքանում է։ (Դառնում է Օթարյանին): Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են։ Ես քեզ ներում եմ հոր պես։ Խոսենք չափահասների նման։ Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս։ էհ, մտածել ես մտածել ու այդ բանը հնարել...

ՕԹԱՐՅԱՆ. (Վրդովման նշան է անում):
ԱՆԴՐԵԱՍ. Մի՛ տաքանար, որդի, խոսենք հանդարտ։ Էհ, ինչ արած, շատ եմ օգնել հորդ հիշատակի համար, էլի կօգնեմ։ Արի ստացիր ինձանից մի քանի հազար ռուբլի, թուղթ տուր, որ ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ու քեզ էլ ազատիր գլխացավից։
ԲԱԳՐԱՏ. (Դրականապես) Երբե՛ք։ Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ նրան։
ԱՆԴՐԵԱՍ. Մեղա քեզ, տեր աստված. վերջապես, ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ չէ։
ՍԱՂԱԹԵԼ. (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես հասկանում։
ԲԱԳՐԱՏ. (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է։ Փող առաջարկել այդ մարդուն, կնշանակե վախենալ նրանից։ Թող դիմի դատարան, ես ինքս քեզ կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ, որովհետև համոզված եմ, որ նա քեզ զրպարտում է։
ՕԹԱՐՅԱՆ. Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ։
ԲԱԳՐԱՏ. Ա՜ա, թողեք այդ ֆրազները։ Ես ձեր բարոյական ուժը լավ եմ ճանաչում և զուր չեմ միշտ ձեզ արհամարհել։ Սակայն ինչու ավելորդ խոսքեր շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը. արեք, ինչ որ կարող եք, ես ձեր հակառակորդն եմ։ (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի թղթեր): Քեռի, ես գնում եմ գործարան։ Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի։ Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք։ Արագությամբ հեռանում է