Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/246

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 9

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդ ի՞նչ է նշանակում։(Բռնում է նրա ձեռը ջերմագին)

Ինչու՞ այդպես այլայլված ես։
ՕԹԱՐՅԱՆ. Ոչինչ, դատարկ բան է:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում։ Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը, «Դու ուզում ես մեզանից երես դարձնել»: Ասա՛, ես համբերություն չունիմ։
ՕԹԱՐՅԱՆ. Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռք) Շատ գեղեցիկ, չեմ հարցնիլ: Եթե կամենաս, ես քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է մնալ:
ՕԹԱՐՅԱՆ. Ախ, Մարգարիտ, թո՛ղ երեխայական ձևերը, դու նման չես ուրիշ կանանց։
ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ ո՞ւր են քո խոսքերը, թե միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք Այդպե՞ս ես կատարում երդումդ։
ՕԹԱՐՅԱՆ. (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։ Քո սիրտը դեռ մանուկ է։ (Նորից բռնում է նրա ձեռք և ջերմ սեղմում):
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ։ (Ձեռը խլելով) Թո՛ղ ինձ, դու ինձ վիրավորում ես։ (Երեսը դարձնում է) Դա անգութություն է սիրող կնոջ վերաբերմամբ:
ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Վիրավորված ինքնասիրությունը: Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել։ Քո՞նը։ Ո՞վ է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս։ (Դադար) Բայց դու լռո՞ւմ ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ։ Բավական է, մի՛ փորձիր համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և աներկյուղ, ի՞նչ է պատահել: Աա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել