Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/247

Այս էջը հաստատված է

ես նրա համաձայնությունը։ Մերժել է... Բայց ոչ, ի՛նչ եմ ասում։ Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ։ Վերջապես, նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը միմիայն ես եմ։ (Դադար) Սպասի՛ր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած։ Դու նրա հետ խոսել ես իմ... Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության։ Վերջապես. ասելո՞ւ ես, թև ոչ։


ՕԹԱՐՅԱՆ. Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա. Մարգարիտ։ Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Եռանդով) Ոչ, ասում եմ։ Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից։ Կամենում ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչ—կարող ես հեռանալ։ Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ ընդունում։

ՕԹԱՐՅԱն. (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող չինի, ինչ որ լինելու է։ Միևնույնն է, անհնարին է քեզանից թաքցնել։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գրեթե շնչասպառ) Հապա՞, հապա։

ՕԹԱՐՅԱՆ. Ասա ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ե՞ս, իմ հո՞րը։ (Դրական և ջերմագին) Այո՛։

ՕԹԱՐՅԱՆ. Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև գիտակցորեն։

ՄԱՐԳԱՐԻՏ. Չեմ հասկանում միտքդ։

ՕԹԱՐՅԱՆ. Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինչպես մարդու։

ՄԱՐԳԱՐԻՏ. Անտարակույս։ Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է։

ՕԹԱՐՅԱՆ. Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞։

ՄԱՐԳԱՐԻՏ. Անկասկած։ Իմ հայրն անազնիվ չէ։

ՕԹԱՐՅԱՆ. Համոզմունքով ես ասում այդ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Խորին համոզմունքով։ Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարքը։ Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ երկար տարիների տառապանքով ապահովել է իր զավակների կրթությունը։ Նա ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության համար ոչինչ չի խնայել։ (Դադար) Բայց ինչո՞ւ ես