կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում իմ անկեղծությանը։
ՕԹԱՐՅԱՆ. Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ չէ։ Նա փողասեր է, իր հաշիվների մեջ խիստ է, մտածում է միմիայն իր գործերի մասին։ Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ այդպես են։ Համարել նրան անազնիվ, ոչ, անկարելի է։
ՕԹԱՐՅԱՆ. (Դադար) Ի՜նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառնագին և զայրացած) Արտաշե՜ս...
ՕԹԱՐՅԱՆ. (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Արտաշե՛ս, մտածի՛ր, ինչ ես անում։
ՕԹԱՐՅԱՆ. Ասում եմ այն, ինչ որ գիտեմ։ Քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք։
ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ ի՞նչ է այդ հանցանքը։
ՕԹԱՐՅԱՆ. (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ցավելով) Ո՞ւմ է զրկել նա։
ՕԹԱՐՅԱՆ. Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք։ Իր հավատարիմ ընկերոջ որբ զավակներին։
ՄԱՐԳԱՐԻՏ. Քե՞զ։
ՕԹԱՐՅԱՆ. Ինձ, մորս և քույրերիս...
ՄԱՐԳԱՐԻՏ. Ա՜հ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով):
Երկարատև լռություն:
ՕԹԱՐՅԱՆ. Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությունը։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուշքը ժողովելով, ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ։ Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու չես կարող զրպարտել քո բարերարին։ Դու նրան սիրում էիր և հարգում։ Անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա։ Դու պետք է բացատրես բոլորը։ Միևնույնն է։ Թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ երջանկությունը-երկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը։
ԶԱՐՈԻՀԻ. (Երևում է ձախ դռների մեջ) Ձեզ ճաշի են սպասում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկույն։