Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/253

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴԱՆ. Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք։


ՌՈԶԱԼԻԱ. Հիմա էլ «մենք»։ Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում, ուրիշներին «դու», իսկ իրենց մասին — «մենք»։ Գնա՛։ Իվանին ասա, որ կառքն, ինձ հարկավոր չէ։ (Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն) Ո՞վ կա տանը։ (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ):

ԶԱՐՈԻՀԻ. Տիրուհին և օրիորդը։

ՌՈԶԱԼԻԱ. Կանչիր այստեղ Րիտային։ Տար այս գլխարկը սենյակս։

ԶԱՐՈՒՀԻ. (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):

ՌՈԶԱԼԻԱ. (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից մոտենում է հայելուն և մազերն ուղղում):

ՎԱՐԴԱՆ. (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը): Աչի՛։ Հինչ տեղ կորավ անտե՞րը։

ՌՈԶԱԼԻԱ. Այդ ի՞նչ ես փնտրում։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնում է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու վերարկուն և տանում նախասենյակ):

ՎԱՐԴԱՆ. Շուլլահիս։ Չամ իմանըմ հինչ տեղ թողի։ (Գտնում է)։ Հա, հեարեաս։ (Վերցնում է): Այ, քո տիրոջ վիզը կոտրվի հաա։ (Ձեռքով զարկում է գդակին):

ՌՈԶԱԼԻԱ. (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի։ Դո՛ւրս եկ, անկիրթ հայ։

ՎԱՐԴԱՆ. (Մեկուսի) Աչի՛, դրանց ղուլլուղ անիլը թամամ խաթաբալա յա քի․․․ (Գնում է նախասենյակ)։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնում է նախասենյակից):

ՌՈՋԱԼԻԱ. Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր։ Իսկ ես դեռ ուղում եմ կաբրիոլետիս համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել։ Լավ գռամ կլինի, ինչ ասել կուզի։ Չէ, պետք է այլազգի վարձել։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռոցիկը և անցնում է սեղանատուն):