Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/254

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

ՌՈՋԱԼԻԱ և ՄԱՐԳԱՐԻՏ

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան առաջին արարվածում: Ձեռքին պահած է մի անկազմ գիրք: Չի կարդում):


ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա—Ֆաուսո օպերայից, գրքույկը ձեռքումդ, համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը։ Երանի գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության մեջ։ (Ձգվում է գահավորակի վրա):

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ո՞րտեղ էիր։ (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և նստում):

ՌՈԶԱԼԻԱ․ Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի։ Գլխարկս, վերջապես, ստացա։ Հետո կտեսնես, ինչ հիանալի բան է։ Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի։ Հայրիկը բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը հարկավոր բաներ են։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ռոզալիա, մինչև ե՛րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես։

ՌՈԶԱԼԻԱ․ Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. Եթե կամենաս — այո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության։

ՌՈԶԱԼԻԱ․ (Հեգնաբար) Մի՜թե, այ այ այ։ Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել։ Ի՛նչն է քեզ խանգարում։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Երևի, կա մի բան, որ խանգարում է։

ՌՈԶԱԼԻԱ․ Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես։ Ապա, բարեհաճիր ասել, տեսնենք, էլի ի՞նչ է պատահել։ Դեմքդ շատ խորհրդավոր է։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս տանը։ Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք։ (Վեր է կենում):

ՌՈԶԱԼԻԱ. (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՛վ է այդ մեղադրանք դնողը։ Ո՞վ։ Քո Արտաշես Օթարյա՞նը։ Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ։