Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/255

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա...


ՌՈԶԱԼԻԱ. Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ։ Քեզանից աոաջ ես եմ ճանաչել նրան։ Ես ատում եմ այդ մարդուն։ Ատում եմ հոգուս բոլոր ուժով։ Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում։ Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան դռները։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հառաչելով) Ով գիտե, գուցե այդ այնքան էլ հեշտ չէ։

ՌՈԶԱԼԻԱ. (Կանգ առնելով և խիստ) Րիտա, դու չափից անցնում ես։ Դու պետք է շատ անպիտան աղջիկ լինիս, որ հավատաս հա բա զատ ծնողիդ զրպարտողին։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց...

ՌՈԶԱԼԻԱ, (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ ես ուզում ասել։ Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին։ Այո, սիրում եմ և շատ եմ սիրում, թող այս հայտնի լինի քեզ և ամենքին։ (Անցուդարձ է անում):

ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քա՞ջն ես, իսկ և իսկ հերոսուհի։ Ասենք, ես վաղուց գիտեի այդ։ Բայց չէի երևակայում, թե սերդ այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ պատիվն անգամ զոհել նրան։

ՄԱՐԳԱՐԻՏ. Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ։

ՌՈԶԱԼԻԱ. Ի՞նչ ես ուզում ասել։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվիլ երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ։ Այն, որ ես կսկսեի աստծու պես պաշտիլ հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ։ (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով): Հայրիկը մինչև օրս դեռ չի կարողացել հերքել Արտաշեսի պահանջը փաստերով։ Մեր գերդաստանի գլխին կանգնած է մի սոսկալի հանցանք։ Նա ճնշում է իր հոգին արճիճի պես։ Ես չգիտեմ գլուխս ամոթից ուր թաքցնեմ։