Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/256

Այս էջը հաստատված է

(Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում սեղանի վրա):


ՌՈԶԱԼԻԱ․ (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն ։ Մենք ամենքս թեթևամիտներ ենք։ (Լուրջ)։ Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ խարդախ դև։ Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել քո այժմյան տրամադրությունը։ (Թեթև, լռությունից հետո, մոտենում է) Լսի՛ր Րիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պարտավոր եմ սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի։ Եվ ահա իմ ասելիքը.— թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես կաշխատեմ խայտառակությամբ դուրս վռնդել նրան մեր տնից։ Հասկացա՞ր։ Դու կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց այդ ոչինչ նշանակություն չի ունենա ինձ համար։ (Հեռանում է):

ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույնն է։ Ես կլսեմ միայն իմ խղճի ձայնին։ Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի ուրիշ սեր՝ ստի և խաբեբայության մեջ։

ԶԱՐՈԻՀԻ. (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է։

ՌՈԶԱԼԻԱ. Գնանք։ Հայրիկն իսկույն կգա։ Դու պարտավոր ես քո հիմարությունները թաքցնել նրանից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ախորժակ չունեմ։

ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ):

ՏԵՍԻԼ 4

ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ

Վերջին երեքը ներս են մանում նախասենյակից։


ԱՆԴՐԵԱՍ․ Մի հակառակիր ինձ։ Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է լինի։ Կրակը յուղով չեն հանգցնիլ։