Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/258

Այս էջը հաստատված է

ՌՈԶԱԼԻԱ. Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու։ (Առաջ է գալիս):


ԱՆԴՐԵԱՍ. Աա, եկան, հավաքվեցին։ Գնա՛, քեզ էլ եմ ճանաչում։ Դու այն ժամանակ ես մտածում իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել մագազիններին։ Դուք ինձ կերաք, քանդեցիք։ (Հետզհետե ավելի ու ավելի գրգռվելու): Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ տնեցիների։ Ամենքն ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ։ Հարգում են երեսանց, իսկ հետևիցս չարախոսում են։ Երբ կարիք ունին, վազում են գլխիս, երբ չունին—ես չկամ նրանց համար։

ԲԱԳՐԱՏ. Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է:

ԱՆԴՐԵԱՍ. Ճիշտ է, բաս չէ: Հե, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց հոգին։ Ամենքն իրանց գլխի մասին են մտածում։ Հենց մեկը դու ինքդ։ Սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես պատվում։ Այո, այո, ես մարդ չեմ քեզ համար, այլ փողի սնդուկ։ Բայց երկար խաբել չես կարող։ Էլ ոչ մի կոպեկ չեմ տալու։

ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, հանգստացի՛ր։

ԱՆԴՐԵԱՍ. Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա։ Ի՞նձ ինչ։ Ես իմ հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, աա՞։ Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցաձ փորով եմ ես մարդ դարձել։ Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր. այն ժամանակ կասեմ խելոք ես։ Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեցեք։ Այստեղ մտիկ արեք, տեսեք ինչ տուն ու տեղ են սարքել։ Ինչի՞ս է հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին։ Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան։ Հե, մի նախկին գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ։ Ինչո՞ւ եք ինձ քանդում։ Դուք եք մեղավոր, որ Օթարյանը կպել է յախիցս։ Այո, այո, դո՛ւք։ Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել։ Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում...

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հանդարտ լալիս է):

ԱՆԴՐԵԱՍ. Լա՛ց, էլի արտասուք։ Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք։ Հերի՛ք է, հեռացիր, ես ատելով ատում