բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի։
ԱՆԴՐԵԱՍ. (Հետաքրքրված) Աա՞, ի՞նչ, պարզ ասա։
ՌՈԶԱԼԻԱ. Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա։
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ, սիրահարվա՞ծ։ Ո՞վ ասաց քեզ։
ՌՈԶԱԼԻԱ. Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:
ԱՆԴՐԵԱՍ. Հետո՞։ Նա էլ սիրո՞ւմ է Մարգարիտին։
ՌՈԶԱԼԻԱ. Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի։
ԱՆԴՐԵԱՍ. (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից): Ասում ես, ինքը, Մարգարիտը խոստովանեց։
ՌՈԶԱԼԻԱ. Այո, հայրիկ։ Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունին դրսերում։ Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այս մասին։ Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից։ Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է։ Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու։
ԱՆԴՐԵԱՍ. (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե։ Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր։ Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ։
ՌՈԶԱԼԻԱ. Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա։ Հիմար է, չի հասկանում։
ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Գնա՛, նրան կանչիր այստեղ։
ՌՈԶԱԼԻԱ. (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ։ (Գնում է խորքի ձախ դռներով):
ՏԵՍԻԼ 7
ԱՆԴՐԵԱՍ և ՄԱՐԳԱՐԻՏ
ԱՆԴՐԵԱՍ. Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով իր միտքն արտահայտելով: