ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):
ՌՈԶԱԼԻԱ. (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատուն, դռները ծածկելով):
ԱՆԴՐԵԱՍ. Առաջ եկ, լալկան աղջիկ։ Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է։ Հհ՞, բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք։ Հայրս վզակոթիս որ տալիս էր — աչքերիցս պեծեր էին թռչում։ Դե լավ, բա՛ց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ։
ԱՆԴՐԵԱՍ. Այ, օրհնյալ լինես, աղջիկս։ Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք։ (Մոտենում է և ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ։ Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է հորը): Անկե՜ղծ...
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես զարմանում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում։ Դու երբեք ինձ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության։
ԱՆԴՐԵԱՍ. Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից։ Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ։ Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու։ Բայց դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ։
ԱՆԴՐԵԱՍ. (Ուրախ ձևանալով): Այո։ Ապրես զավակս։ Դե, որ այդպեա է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ։
ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսա՞ր։ Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր։ Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ։ Դու