Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/277

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐԻՏ. Այո։

ԲԱԳՐԱՏ. Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՜նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը։ Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե, չկարողացավ։ Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ։
ԲԱԳՐԱՏ. Աա, ի՜նչ պարահանդես։ Ես ամեն ինչ մոռացա։ Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է սնանկություն։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը։ Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից։
ԲԱԳՐԱՏ. Նա կկամենա թե՛ անպատվել և թե՛ սնանկացնել մեզ։ Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ։ Ցույց տուր ինձ։ Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորհրդավոր և եռանդով): Բայց զգո՜ւյշ, նրանց ապահովությունը պատվովս եմ երաշխավորել։
ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Գնանք։ Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները սկսել։
Գնում են խորքի ձախ դոներով, այն է՝ օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 2

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

Գալիս են նախասենյակից


ԱՆԴՐԵԱՍ. Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է։ Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ։ Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են։ Էհ, ասում էր, կնիկ է խելքը բան չի կտրիր։ Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են։ Բայց այդ մեկը հիմարներից չի եղել․ պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի։ Նա չի խնդրում,