Սաղաթել, այլ, հոգեկանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան կարողությանս կեսը։
ՍԱՂԱԹԵԼ․ Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը։
ԱՆԴՐԵԱՍ․ Տեսա, բաս չէ՞։ Նա ցույց տվեց մոր մոտ։ Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ։
ՍԱՂԱԹԵԼ․ Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը։
ԱՆԴՐԵԱՍ․ Օ՜օ, քույրդ աստծու պատիժն է իմ գլխին։ Ինձ պաշտպանելու տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ։ Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան։ Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց։ Նա փաթաթվեց մոր վզին։ Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց լինում։ Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ։ Եվ հետո, երբ ուշքի եկավ, ի՜նչ խոսքեր, տե՜ր աստված, ի՜նչ լեզու։ Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի մեծ անազնվություն է։ Ումի՞ց է սովորել այդ բաները։
ՍԱՂԱԹԵԼ․ Ումի՞ց։ Իհարկե, հենց այդ լակոտից։ Դեռ աստված գիտե էլի ինչեր սովորեցրած կլինի։
ԱՆԴՐԵԱՍ․ Փորձեցի ինձ արդարացներ։ Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին։ Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար — չէր մեռնիլ։ Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել։ Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու։ Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով։ Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ։ Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող։ Բայց փողը դեռ մի կողմ։ Իսկ պատի՞վս։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։ (Անցուդարձ է անում):
ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի մտածեն։ Կասեն, որ էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ