Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ իմ գործարանից։ Իսկ այդ կնշանակե` ծովը նետել իմ բոլոր ծրագիրները։ Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և բախտավորությանը։ Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը — կապիտալը։
ՌՈԶԱԼԻԱ․ Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել։ Ես քեզ հասկանում եմ, Բագրատ։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ։
ԲԱԳՐԱՏ․ Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն։ Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը։
ԲԱԳՐԱՏ․ Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորին դառնությամբ) Բագրա՜տ։
ԲԱԳՐԱՏ․ Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ։ Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում։ Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով։ Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորին սրտմտությամբ) Այսինքն՝ ավելի շահամոլ, քան ազնի՞վ: Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել։ Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը։ Եվ ինչո՞ւ։ Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ, զուգվինք-զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք։ Ոչ, ոչ, ես չեմ կարող և չեմ ուզում անել այդ։ (Անցնում է դեպի ձախ):
ՌՈԶԱԼԻԱ․ (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ի՛նչ քաջն ես եղել։ Ես չգիտեի։ Դու կատարյալ հերոսուհի ես։