Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/285

Այս էջը հաստատված է

Մամա, աստված վկա, ես չեմ հնարել այդ բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը։ Նա, օօ՜ , նա Շեյլոկի խնամին է։ Նա ինձ պարտք է տալիս միայն այն պայմանով, որ մեկին հինգ—տասը ստանա հորս մահից հետո։ Բայց ագահությունը երբեմն մարդուն հիմարացնում է։ Այժմ իմ պատվարժան քեռին վախենում է, որ հայրիկից շուտ կճանապարհվի ի վերին Երուսաղեմ։ Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այլ գայլի ախորժակից և աղվեսի խորամանկությունից կազմած վինեգրետ։ Իսկ ես թեև անառակ եմ, բայց ջենտլմեն եմ։ Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց։ Իբր թե ապտակ եմ կուլ տվել։ Ուզո՞ւմ ես իմանալ, ինչու եմ կուլ տվել։

ԵՐԱՆՈՒՀԻ․ Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում։
ՍՈՒՐԵՆ․ Ոչ, այս մեկը լսի՛ր։ Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվական կնոջ պատճառով։ Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի խայտառակվեր։ Լսիր, ինչպես պատահեց։
ԵՐԱՆՈՒՀԻ․ (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում։
ՍՈՒՐԵՆ․ Դե լավ, թող մնա։ Լսեցի՞ր։ Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել խայտառակությունից։ (Ժամացույցին նայելով) Օ՜, տասևկեսն է, ես շոգիացա․․․
ԵՐԱՆՈՒՀԻ․ էլի ո՞ւր ես գնում կես գիշերին, անառակ․․․
ՍՈՒՐԵՆ․ Աստղերն ուսումնասիրելու։ Առլովան ինձ սպասում է։ Արևիդե՜րչի։ (Գնում է նախասենյակի դռներով, երգելով):
ՄԱՐԳԱՐԻՏ․ Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում, քան խելոքը։
ԶԱՐՈՒՀԻ․ (Սեղանատան դռներից): Խոհարարը հարցնում է, ընթրելո՞ւ եք։
ԵՐԱՆՈԻՀԻ․ Ես չեմ ուզում։ Ահ, էլի գլխացավս բռնում է։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես էլ չեմ ընթրելու։ (Զարուհին գնում է): Մայրիկ, գնա, պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են։ Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտում է