անքնությունից։ (Համբուրվում է մոր հետ և անցնում իր սենյակը):
ԵՐԱՆՈՒՀԻ․ (Նայելով նրա հետևից թախծալի): Երանի դու ինձանից բախտավոր լինես։ Ա՜հ․․․ (Անցնում է սեղանատուն):
Դուրս են գալիս աջ կողմից առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին հեռացել է:
ԱՆԴՐԵԱՍ․ Փառք աստծու, վերջապես, ցրվեցին։ Այո՛, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը։ Մթությունը մեղքի ընկերն է։
ՍԱՂԱԹԵԼ․ (Տերողորմյայի հատիկները մեկ-մեկ գցելով)։ Խեր, շառ, աստված։ Խեր, շառ, աստված։ Խեր, շառ, աստված։ Խե՛ր։ Ինչքան գցում եմ, խեր է գալիս։
ԱՆԴՐԵԱՍ․ Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու։
ՍԱՂԱԹԵԼ․ Ավելի վատ կլինի, եթե չանես։ Բացատրել ես, խնդրել ես, աղաչել ես, չի եղել, ճա՞րդ ինչ։ Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում։
ԱՆԴՐԵԱՍ․ Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում։
ԱԱՂԱԹԵԼ․ Ձայն-ձուն չի լսվում։ (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի կոճակին՝ որ գտնվում է աջ պատի առաջին դռների մոտ։ Բեմի հետևից լսվում է զանգակի թույլ հնչյունը):
ԱՆԴՐԵԱՍ․ Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր։ Լավ կուրտաժ է իմ մեղքն ինձ ծախելու համար—հինգ հարյուր սաժեն տափ։
ՍԱՂԱԹԵԼ․ Ես քեզ խնդրեցի՜, աղաչեցի՜, որ ինձ այս գործին խառնես։
ԱՆԴՐԵԱՍ․ Դե լա՛վ։ (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից) Ո՞վ կա սեղանատանը։
ԶԱՐՈՒՀԻ․ Ոչ ոք։
ԱՆԴՐԵԱՍ․ (Կեղծ բարկանալով); Բաս ինչո՞ւ ես ճրագները վառել։ (Զարուհին ուզում է գնալ): Խանումդ ի՞նչ է անում։