Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/29

Այս էջը հաստատված է

2-ՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

(Այրի Հոռոմի բնակարանը: Մի սենյակ կեսեվրոպական և կեսասիական ոճով կահավորված: Մի կողմում դիվան, բազկաթոռներ, մյուս կողմում թախտ: Ձախ կողմում և մեջտեղ դռներ, աջ կողմում՝ պատուհաններ: Կարասին կիսամաշ է):

ՏԵՍԻԼ Ա.

ՀՈՌՈՄ (միայնակ թախտի վրա նստած, տարված է թղթերով)

ՀՈՌՈՄ. +Մեկ, երկու, երեք. չորսանոց, վեցանոց, իննանոց: Կարմիրը ուրախություն, սևը տրտմություն, վեցանոցը ճանապարհ է ցույց տալիս, էլ ի՞նչ ես դուրս գալիս, Գարեգինը եկավ, պրծավ։ Այս էլ սև, էլի սև, ուրեմն էլի տրտմություն, սև, սև, սև։ Է՜հ, (բարկացած շպրտում է թղթերը) գնացե՛ք, կորեք, դուք մի ուրախ բան չեք ասում աղջկաս համար: Չէ, է՛լ սրտիս դառնությունը պահել չեմ կարող, պետք է Գարեգինին հայտնեմ... Օօ՜, նա շատ կցավի և, ով գիտե, ի՛նչ կանի։ Տե՜ր աստված, տե՜ր աստված, մի աղջիկ ունենալ և այն էլ այդպես անբախտ։ (Ներս է մտնում միջին դռներով Զարբաբյանը):