ՍԱՂԱԹԵԼ. Ինձ համար էլ այդպես է. քիչ լինի, նազդ լինի։ (Տերողորմյան տրորում է ձեռների մեջ և հոտ քաշում):
ԲԱԳՐԱՏ. Խանութպանի սկզբունք։ (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ։
ԿԱՐԻՆՅԱՆ. (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել․․․
ԲԱԳՐԱՏ. Ձեր ռոճիկի մասի՞ն։ Գիտեմ։ Լավ, լավ, կմտածեմ։
ԿԱՐԻՆՅԱՆ. Վեց ամիս է միևնույնն եք ասում։ Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է։
ԲԱԳՐԱՏ. Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ։ Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը։
ԿԱՐԻՆՅԱՆ. Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ։
ԲԱԳՐԱՏ. Լավ, հեռացե՛ք։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել։ Ցտեսություն։
ԿԱՐԻՆՅԱՆ. (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով: Մի փոքր անցած այնտեղ տիրում է մթություն):
ՏԵՍԻԼ 2
ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱՑԵԼ
ԲԱԳՐԱՏ. (Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա։
ՍԱՂԱԹԵԼ. Գոհություն աստծու, ամեն բան կարգին է։ (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը):
ԲԱԳՐԱՏ. Օթարյանն եկե՞լ է այստեղ։
ՍԱՂԱԹԵԼ. (Ուսերը վեր քաշելով) Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ։ (Սկսում է ծանր քայլերով անցուդարծ անել):
ԲԱԳՐԱՏ. Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարիտի հետ։
ՍԱՂԱԹԵԼ. Կարող է տեսնված լինել, կարող է չլինել, աստծու բանն է։
ԲԱԳՐԱՏ. Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարտին