Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/299

Այս էջը հաստատված է

գործ ունենք: Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ։ Բագրատը տանն է, կարելի նա քեզ ընդունի։ (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար):

ՕԹԱՐՅԱՆ. (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան) Զարմանալի է, բոլորովին անհասկանալի...
ԱՆԴՐԵԱՍ. (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա։
ՕԹԱՐՅԱՆ. Ձեր խոսակցության եղանակը, ձեր դեմքի հեգնական արտահայտությունը, ձեր սառնությունը։
ԱՆԴՐԵԱՍ. (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, աղաս, հըը՞։ Ուզում ես, որ վիզս ծռեմ, վախենամ, աղաչեմ, պաղատեմ։ (Լուրջ և խիստ) Հերիք է։ Դու չհասկացար պատիվդ։ Ես խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս նստեցիր։ Համբերությունն էլ չափ ունի: Այժմ կարող ես գնալ ուր ուզում ես. իմ տան դռները քեզ համար փակ են։
ՍԱՂԱԹԵԼ. (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ։
ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե ինչ։ Ուրեմն, կաշկանդված լեզվի կապերը քանդվե՜լ են։ Ուրեմն երեկվա օրն այստեղ մոռացվե՞լ է։ Այսօր իմ առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք անում կրունկների վրա։ Ասացեք, պարոն Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել իսկապես, թե՞ կատակ եք անում։
ԱՆԴՐԵԱՍ. Ես գյադ-գյուդաների հետ կատակ չեմ անում։
ՍԱՂԱԹԵԼ. Անդրեաս, Անդրեա՜ս...
ԱՆԴՐԵԱՍ. (Վրդոված) Թո՛ղ ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին։
ՕԹԱՐՅԱՆ. (Կատաղի) Պարո՜ն...
ԱՆԴՐԵԱՍ. Գոռա՛ որքան ուզում ես։ Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց աստծուն չի հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել։ «Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք։ Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ։ Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել։ Ձեր հարստության կեսն իմն է։ Տվեք։» Անպատկառ։ Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախորժակից։ Քո տարածած սուտ լուրերը