Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/30

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Բ.



ՀՈՌՈՄ և ՋԱՐԲԱԲՅԱՆ



ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Պառավը մենակ է, հույս կա բանս հաջողվի։ (Բարձր) Բարի լույս քույրիկիս։ Էէ՜, ի՞նչ կա, ինչ չկա, լա՞վ եք։ Քանի օր է չէի տեսել, սիրտս ուզեց տեսնել։ Նոր բաներ կա՞ն։
ՀՈՌՈՄ. Նստեցեք։ Նոր բաներ ձեզանից պետք է լսել:
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Իհարկե, դուք աշխարհից հեռու եք: Իսկ ես, գիտեք, քույրիկ, իմ անունս ման եկող լրագիր են դրել կլուբում։ Այո, ամենից առաջ մեր քաղաքի լուրերը ես եմ լսում։ Հենց հիմա փողոցում հանդիպեցի նորին պայծառափայլություն Միխայել Եգորովիչ Բեգմուրովին։
ՀՈՌՈՄ. Փեսայի՞ս, դուք նրա հետ ծանո՞թ եք։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ես, ոչ. բայց ինքը ինձ շատ լավ է ճանաչում: Երևակայեցեք, այն օրից դես ինձ վրա ծուռ աչքով է նայում։
ՀՈՌՈՄ. Ո՞ր օրից։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Չե՞ք լսել, ինչպես երևում է, Գարեգինը չգիտե կամ չի պատմել ձեզ: Ուրեմն լսեցեք ես պատմեմ, Մի խումբ պատվավոր, շատ պատվավոր մարդիկ մի տեղ հավաքված ձեր մասին էին խոսում։
ՀՈՌՈՄ. Մե՞ր մասին։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Այո, այսինքն ձեր և Բեգմուրյանների մասին։ Մի քանիսը սկսեցին ծաղրել, որ դուք իբրև թե ուզեցել եք անպատճառ մի իշխանի զոքանչ լինել, չգիտեմ փողով ձեր աղջկա համար իշխանություն եք ձեռք բերել։ Ես լսում էի, հանկարծ համբերությանս տոպրակը դատարկվեց, է՛լ չկարողացա ինձ պահել: Գլուխս բարձրացրի, կուրծքս դուրս ցցեցի (ոտքի է կանգնում), մի ոտս առաջ դրի ու ասացի. պատվելի՝ պարոններ, դուք մեծ մարդ եք, բայց ես ձեզանից չեմ վախենում, ես ոչ ոքից չեմ վախենում, ոչ հարուստից, ոչ իշխանից։
ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Է՜լի սկսեց։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ոչ տերտերից, ոչ վարդապետից։ Ես խոսքը մարդու ճակատին ասող մարդ եմ, եթե իմ քրոջ աղջիկը