տանջում էին ինձ գիջեր-ցերեկ։ Քո պատճառով մարդիկ սկսել էին համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին։ Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու պատիվս ոտնատակ էին լինում։ Այժմ․․․ այժմ բավական է։ Դու սպառնում ես ինձ դատի կանչել։ Համեցե՛ք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ։ Իսկ իմ տան դռները փակ են քո առջև և հավիտյան չեն բացվիլ։
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է։
ՕԹԱՐՅԱՆ. (Լսել է մերթ զարմացմամբ, մերթ վրդովվելով, մերթ իրան զսպելով) Եվ այդ համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է։ Նա, որ աշխատում էր ինձ մի քանի հազար ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ արդար պահանջից։ Դուք ինձ մինչև անգամ ծաղրո՞ւմ եք։ Դուք ինձ վռնդում եք ձեր տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞։ Ինչո՞ւ։ Որովհետև ես մինչև այսօր խնայել եմ ձեզ՝ հանուն ձեր աղջկա սիրուն։ Ասացե՛ք, այդ ինչ կերպարանափոխություն է։ Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից։ Ո՞վ ներշնչեց ձեզ այդքան քաջություն։
ԱՆԴՐԵԱՍ. Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել։
ՕԹԱՐՅԱՆ. Սուտ եք ասում պարոն։ Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից։ Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված։ Զգում էիք, որ բավական է ես ցանկանամ, և դուք կսողաք իմ ոտների տակ։
ԱՆԴՐԵԱՍ. Լի՜րբ... (Հարձակվում է վրեն):
ՍԱՂԱԹԵԼ. (Մեջ ընկնելով) Անդրեա՜ս, Անդրեա՜ս. (Լռություն):
ՕԹԱՐՅԱՆ. (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է իրեն) Ոչ, ոչ, չպիտի խելագարվել։ Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Հարկավոր է տեսնվել Մարգարտի հետ։ Նա ինձ կասի ճշմարտությունը։ Երկուսից մեկը — կամ ես խաբված եմ այդ աղջկանից, կամ այս մարդը մի զարհուրելի չարագործ