Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/301

Այս էջը հաստատված է

չարագործ է։ Մարգարիտը կբացատրի գաղտնիքը։ Նա պարտավոր է բացատրել։ Ես նրան հավատացել եմ ինչպես երկնային դատավորի։ Ես կտեսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի։ (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):

ԱՆԴՐԵԱՍ. (Սաղաթելին) Հրամայի՛ր ծառաներին, որ ներս չթողնեն նրան։
ՕԹԱՐՅԱՆ. (Կանգ առնելով) Զգուշացե՛ք , պարոն, ապա թե ոչ՝ ձեզ հետ կկորչի և ձեր աղջիկը։ (Շտապ անցնում է նախասենյակ) :
ԱՆԴՐԵԱՍ. (Բարձր ձայնով) Վարդա՜ն, դո՛ւրս արեք նրան, դո՛ւրս։ (Դիմում է նախասենյակի կողմը):
ՍԱՂԱԹԵԼ․ (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ աստծու, համբերիր։ Լավ մտածիր, ինչ ես անում։
ԱՆԴՐԵԱՍ. (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի տաքանայի։ Տե՛ս, որտեղ գնաց։
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նախասենյակի դռներով) Դռները բաց արին։ Բագրատը խնդրում է նրան ներս մտնել։
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան։
ՍԱՂԱԹԵԼ. Վկան ես չե՞մ, մարդ աստծու, ոչ տեսել եմ, ոչ լսել։


ՏԵՍԻԼ 6



ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ և ՍԱՂԱԹԵԼ



Հետո առանց Սաղաթելի



ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև: Գունատ է, դեմքի վրա երևում են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր):
ԱՆԴՐԵԱՍ. (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում է իրան):
Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն։
ԱՆԴՐԵԱՍ. (Կանգնած է բեմի մեջտեղում):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հերը):