Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/303

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐԻՏ. Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես։ Չեմ թաքցնում, ես սիրում եմ Օթարյանին։ Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև իմ ծնողի ազնվությունն ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը։

ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, անամոթ, մի՛ համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ գյադային, որ հետո միասին ավելի փառավոր ապրեիք։ Քո օժիտը քեզ քիչ էր թվում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Կարող եմ երդվել, հայրի՜կ, որ ինքդ էլ չես հավատում քո ասածին։ Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել։
ԱՆԴՐԵԱՍ. (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել։ Բավական է, դու սիրտ չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես։
ՄԱՐԳԱՐԻՏ. Շատ լավ, թող այդպես լինի։ Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել այնչափ, որչափ ես։
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հե՛տ տուր ինձ այդ թղթերը, հե՛տ տուր։
ԱՆԴՐԵԱՍ. (Կծու ծիծաղ) Հա՛ հա՛ հա՛, հե՛տ տուր։ Անդրեաս Էլիզբարով, լսո՜ւմ ես, տուր սուրդ թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե։ Չէ, որդի, փառք աստծու, դեռ չեմ գժվել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՛ ծաղրիր իմ տանջանքը․ ես չեմ կարող դիմանալ։
ԱՆԴՐԵԱՍ. (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, աա՞, ի՞նչ թղթեր։ Ես ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա՛ բանիդ։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ձեռները ջարդելով) Աստված իմ...
ԱՆԴՐԵԱՍ. Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ...
ՄԱՐԳԱՐԻՏ. Կյանքս կտայի, եթե երազ լիներ։ Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս։ Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի արարքդ։ Ախ, այն ի՛նչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ