ՆԱՐԳԻԶ. Ի՞նչ կկամենաք պատրաստել տամ, սո՞ւրճ, թե՞ շոկոլադ։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Արժանապատվությամբ): Ոչ մեկը, շնորհակալ ենք...
ՆԱՐԳԻԶ. Երևի, քաղցած չեք։ Դե, իհարկե, լույսը նոր է բացվել։ Մեզ մոտ հյուր գալիս են տասներկու ժամից սկսած։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Արդեն վիրավորված): Դե մենք չգիտենք, գյուղական աղջկերք ենք։
ՆԱՐԳԻԶ. Մեր ժամանակում էլ ազնվականություն մնա՞ց։ Այնքան սրա ու նրա հետ նստեցինք, վերկացանք, որ կարգ ու կանոն մոռացանք։ (Նստում է և սուր հայացքով նայում Լեյլիին: Մեկուսի) Ի՞նչ առողջ է անիծվածը…
ԼԵՅԼԻ. Այո, օրիորդ, կարդում եմ, ինչ որ ձեռքս է ընկնում։
ՕՎՍԱՆՆԱ. Միայն հայերեն, թե՞ ռուսերեն էլ։
ԼԵՅԼԻ. Ռուսերեն մի քիչ դժվարությամբ եմ հասկանում։
ՕՎՍԱՆՆԱ. Փույթ չէ, շուտով կսովորեք։ Եկեք շուտ-շուտ ինձ մոտ, ես ձեզ շատ հետաքրքրական գրքեր կտամ։
ՆՈՅԻՄԶԱՐ. Շնորհակալ ենք։
ՆԱՐԳԻԶ. (Շարունակ նայել է Լեյլիին): Օվսաննա, նայում եմ այդ աղջկան... (Լեյլիին) Անունդ մոռացել եմ:
ԼԵՅԼԻ. (Շփոթվելով): Լեյլի։
ՆԱՐԳԻԶ. Նայում եմ Լեյլիին և մտածում եմ ինչ լավ կգար քո հագուստը նրա վրա (դառնում է Նոյիմզարին): Չորս-հինգ հագուստ ունի աղջիկս, բոլորն էլ համարյա նոր, չի հագնում, մոդայից դուրս են եկել։
ՆՈՅԻՄԶԱՐ. Տվեք ձեր աղախնին։
ՆԱՐԳԻԶ. Ափսոսում եմ։ Հըը, Օվսաննա, ի՞նչ կասես, բախշենք Լեյլիին։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Կատաղության նշաններ է անում մեկուսի):
ՕՎՍԱՆՆԱ. (Մոր փոխարեն ամաչել է): Մայրիկ, դրա ժամանակը չէ։ (Աշխատում է Լեյլիին զբաղեցնել):
ՆՈՅԻՄԶԱՐ. (Այլևս չկարողանալով իրան զսպել): Իմ քույրը ձեր աղջկանից համ հասակով բարձր է, համ էլ նրա պես լղար չէ... (Մեկուսի): Կերա՞ր