Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/32

Այս էջը հաստատված է

շատ նստեցի, մի տեղ ինձ համար պաշտոն է բացվում, պետք է գնամ տեղեկանամ։ Ցտեսություն։ Հա, միտս եկավ, քույրի՛կ, մոտդ փող կա։

ՀՈՌՈՄ. Ինչքա՞ն։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Քսան, երեսուն կամ քառասուն մանեթ։
ՀՈՌՈՄ. Սպասեցեք տեսնեմ։ (Մոտենում է սեղանին և արկղիկը բանալով մի կապ թղթադրամ է հանում):
ԶԱԲԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Շատ ունի, ափսո՜ս ավելի չուզեցի։
ՀՈՌՈՄ. Առեք, բայց այսուհետև կդիմեք Գարեգինին, նրան է պատկանում իր հոր կարողությունը։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Եթե նեղանում եք, չեմ վերցնի, համեցե՛ք, կգնամ ուրիշից կվերցնեմ:
ՀՈՌՈՄ. Ոչ, այդ մտքով չասացի:
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Արևս վկա, վերցրեք, ես խոսքը մարդու ճակատին ասող եմ։ Դուք կարծում եք՝ ողորմություն եմ խնդրում։ Ահա, (հանում է ծոցից մի փոքրիկ մատյան) բոլորը մեկ-մեկ գրված է, տեսեք, ձախ երեսում պարտքերս են, իսկ աջ երեսում՝ ստանալիքս, այս մեկը բավական մաքուր է, ես մաքրություն սիրող մարդ եմ։ Հետ վերցրեք, եթե ձեզ հարկավոր է։
ՀՈՌՈՄ. Լավ, դրեք գրպանդ։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Փողը դնելով գրպանը) Աստված մեր բարեկամությունը հաստատ պահի։ (Գնում է միջին դռներով):
ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Հեղինեի դրությունը աչքիցս գցել է տուն, տեղ, հարստություն։ Երբ ամուսինս աղքատ էր, ոչ ոք չէր ուզում մեզ ճանաչել, հարստացավ թե չէ, մորս եղբոր կնոջ ազգականը եկավ հարազատ եղբայրս դարձավ։ (Գալիս է Գարեգինը) Դու ես, որդի՛, ինչո՞ւ այդպես տխուր ես։


ՏԵՍԻԼ Գ.



ՀՈՌՈՄ և ԳԱՐԵԳԻՆ



ԳԱՐԵԳԻՆ. Որովհետև քո վարմունքը ինձ չափից դուրս վրդովել է։ Մի շաբաթ է այստեղ եմ, և դու ինձանից թաքցնո՞ւմ ես իմ քրոջ դրությունը։