Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/320

Այս էջը հաստատված է

ՕՎՍԱՆՆԱ. Բայց քույրերն ի՞նչ մեղ ունեն, որ իրանց եղբայրն ինձ առաջարկություն է արել։

ՆԱՐԳԻԶ․ Այդ գյուղականները շատ երախտամոռ են առհասարակ։ Աղքատ ու հպարտ. ես նրանց ուղում եմ բարություն անել, նրանք վիրավորում են ինձ ու քեզ։
ՕՎՍԱՆՆԱ. Նախ դու սկսեցիր, մայրիկ․ քո ամեն մի խոսքը ուղղակի վիրավորանք էր նրանց համար։
ՆԱՐԳԻԶ․ թող լինի։ Այպիսիներին, որ մի քիչ երես տանք, վզներովս կփաթաթվին։ Ամեն մարդ պիտի իր տեղը լավ ճանաչի։ Տե՛ս, կանֆետ են բերել քեզ համար։ Ով գիտե որ բաղկալից են առել... Վերցրու, դեն գցիր որ հյուրերս չտեսնեն այդ կեղտոտ տուփը...
ՕՎՍԱՆՆԱ. (Վերցնում է քաղցրավենիքի տուփը): Ոչ թե դեն կգցեմ, այլ կդնեմ ամենալավ տեղ, որ քո ազգականները տեսնեն։ (Տուփը դնում է դաշնամուրի վրա): Ամեն մի նվեր հարգանքի է արժանի։ Մեծ քրոջ մասին ասա, ինչ որ ուզում ես, բայց Լեյլին շատ համակրելի աղջիկ է։ Ես խնդրեցի նրան, որ շուտ-շուտ գա մեր տուն։ Արժե նրա հետ բարեկամանալ։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դռներից): Խանում, Լևոն աղան
զարթնեց։ (Սպասում է հրամանների):
ՆԱՐԳԻԶ․ Ահ, վերջապես։ Գնամ, տեսնեմ գիշերն ինչպես է անցկացրել։ (Ուզում է գնալ խորքի դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. Մայրիկ, սպասիր մի րոպե։ (Մոտենում է, կիսաձայն): Ես քեզ խորհուրդ եմ տալիս Լևոնին շատ էլ չձանձրացնել մայրական խնամքով։
ՆԱՐԳիԶ․ Ինչո՞ւ։
ՕՎՍԱՆՆԱ. Որովհետև նա հիվանդ է։
ՆԱՐԳիԶ․ Գիտեմ։ Ուրեմն ես իմ հիվանդ որդուն պիտի առանց խնամքի՞ թողնեմ։
ՕՎՍԱՆՆԱ. Հենց այդ է, որ չգիտես այդ ինչ հիվանդություն է։ Քո ծայրահեղ հոգատարությունը, քո ախուվախն ու հառաչանքները ավելի բորբոքում են նրա վերքերը, քան թեթևացնում։ (Հեռանում է մորից):