Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/322

Այս էջը հաստատված է

մարել իմը։ (Առնում է Օվսաննայի երկու ձեռները

Ուրա՞խ ես, աա՞։
ՕՎՍԱՆՆԱ. (Ուրախությունից շփոթված): Այո, իհարկե։ Եվ ավելի քեզ, քան թե ինձ համար։ Դու շատ էիր մտածում, շատ էիր ճնշված։
ԺՈՐԺ. (Տակավին Օվսաննայի ձեռը բռնած): Ախ, Օվսաննա, եթե իմանայիր, թե ինչ բարոյական տանջանքներ եմ քաշել, շատ կցավեիր իմ մասին։ (Ձեռները բաց թողնելով): Բայց ոչինչ, կոշմարն անցավ, այժմ պետք է աշխատել ամեն ինչ մոռանալ։
ՕՎՍԱՆՆԱ. Կոշմարն անցա՞վ։ Կնշանակե, այժմ կարող ես պատմել, թե այդ ինչ խնդիր էր, որ ինձանից թաքցնում էիր։
ԺՈՐԺ. Օօ, իհարկե, կպատամեմ։ Բայց ոչ այսօր կամ վաղը, ոչ-շուտով։ Միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք ամուսիններ։ Իսկ առայժմ գնա հայտնիր ծնողներիդ, որ ես քո նշանածն եմ։ Միայն ոչ իմ ներկայությամբ, ոչ, ոչ, ես չեմ սիրում այդպիսի տեսարաններ, հետո...
ՕՎՍԱՆՆԱ. Մի փոքր առաջ մայրս նախատում էր ինձ, որ ես ոչ հարսնացու եմ, ոչ ազատ...
ԺՈՐԺ. Գիտեմ, սիրելիս, գիտեմ։ Բայց ի՞նչ արած, հանգամանքները շատ բարդ էին։ Էհ, վերջապես, մի օր բոլորը կիմանաս և, հուսով եմ, կներես...
ՕՎՍԱՆՆԱ. (Զարմանալով): Կներե՞մ... ի՞նչը...
ԺՈՐԺ. (Վեր է կենում շփոթությունը թաքցնելու համար): Լավ, թողնենք, քո հարցասիրությունն ինձ համար ախորժելի չէ...
ՕՎՍԱՆՆԱ. (Վեր է կենում): Շատ լավ, չեմ ձանձրացնիլ։
Ուրեմն հայտնե՞մ մորս։
ԺՈՐԺ. Անպատճառ։ Բայց գիտե՜ս, երևի ծնողներդ կամենան հանդիսավոր նշանախոսություն սարքել։ Այդ բանն ես չէի ուզենալ։ Ի՞նչ հարկավոր է այդ չինական ձևականությունը։ Աա՞, ի՞նչ կասես։
ՕՎՍԱՆՆԱ. Ես համաձայն եմ։ Ես էլ չեմ սիրում այդ ավելորդ բաները։ Ինձ համար կարևորն ուրիշ բան է, (Նայում է ժորժին սիրալիր):