ԺՈՐԺ. Գիտեմ։ Մեր փոխադարձ սերն ու հարգանքը, այնպես չէ՞։
ՕՎՍԱՆՆԱ.(Գլխով համաձայնության նշան է անում, սիրալիր ժպտալով):
ԺՈՐԺ. Բայց, այնուամենայնիվ, ահա քեզ մի փոքրիկ գրավական ծնողներիդ հանգստացնելու համար։ (Հանում է ձախ մատից մի մատանի և հագցնում է մատին): Թանկ բան չէ, բայց մորս նվերն է, ուրեմն անգին։ Ինչու հառաչեցիր, կարծես դու ուրախ չես։
ՕՎՍԱՆՆԱ (Թույլ է տվել Ժօրժին մատանին հագցնելու, հառաչել է): Ոչինչ, մի վատ նախազգացում... տարօրինակ է թվում։ Չնայելով,որ վաղուց երազում էի այս օրվա մասին, բայց մի տեսակ երկյուղ պաշարեց ինձ։ Այս մատանին այնպես հեշտ դուրս եկավ քո մատից։ Ոչինչ, ոչինչ, ասում են ուրախությունը տարօրինակ զգացումներ է զարթեցնում մարդու սրտում։ Նայիր։(Համբուրում մատանին):
ԺՈՐԺ.Երեխա։ (ժպտում է, հետո լուրջ): Բայց թողնենք մեր զգացումները մոտիկ ապագայի համար։ Լսիր, Օվսաննա։ (Բռնում է Օվսաննայի ձեռքը): Ես սկսել եմ անկեղծությամբ, ուզում եմ մինչև վերջ լինել անկեղծ։ Մի մոռանար, որ ես ոչինչ չունիմ, գիտես, ոչինչ, բացի իմ գիտությունից և արհեստից։
ՕՎՍԱՆՆԱ․ (Զեռը խլում է ժորժից անուշ վշտացած): Միայն այդքա՞նը, ուրիշ ոչի՞նչ։ (Նայում է աչքերի մեջ խորը հայացքով):
ԺՈՐԺ. Եվ սիրուց դեպի քեզ։ Ա՞յս էիր ուզում։ (Ուզում է նորից ձեռքը բոնել):
ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռքը դարձյալ խլում է): Զարմանալի է, որ այդ բանը միշտ պետք է քեզ հիշեցնել։
ԺՈՐԺ. Օվսաննա, մենք դեռահասներ չենք, սերը խոսքերով չի ապացուցվում։
ՕՎՍԱՆՆԱ. Լավ, լավ, ես ոչինչ չեմ պահանջում քեզնից։ Ի՞նչ էիր ուզում ասել։ Որ աղքա՞տ ես։ Այդ ես վաղուց գիտեմ։ Ծնողներս էլ գիտեն։ Բայց չէ՞ որ ես հարուստ եմ և ինչ որ ունիմ քեզ է պատկանելու։