Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/342

Այս էջը հաստատված է

կոշիկներս հագնել։ Թող մաշվեն։ Վեց սենյակ, ծառա, էլեկտրական լույս, գրամաֆոն։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 3

ԱՐԱՄԱԶԴ և ԼԵՅԼԻ

ԼԵՅԼԻ. (Վերադառնալով խորքի դռներով, տեսնում է Նոյիմզարը բացակա է, մոտենում է գրասեղանին): Մի րոպե. Արամազդ, եթե չեմ խանգարում։

ԱՐԱՄԱԶԴ. (Առանց գործն ընդհատելու): Ասա՛։
ԼԵՅԼԻ. Այսօր առավոտյան Օվսաննան ինձ կանչել էր իր մոտ։
ԱՐԱՄԱԶԴ. (Գործն ընդհատելով, զարմացած): Օվսաննան քեզ կանչե՞լ էր։ Զարմանալի է։
ԼԵՅԼԻ. Վերջերս նա ինձ հետ բարեկամացել է։ Խնդրում է, որ ամեն օր գնամ իր մոտ և երբ ուշանում եմ, մարդ է ուղարկում իմ ետևիցս։ Արամազդ, դու լավ բան չես արել։
ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչ եմ արել։
ԼԵՅԼԻ. Չգիտեմ, դուրս գալուդ օրը ինչ ես ասել նրան, սիրտը գցել ես զանազան կասկածներ։
ԱՐԱՄԱԶԴ. Այո՛, կասկածներ իր նշանածի վերաբերմամբ, հետո՞։
ԼԵՅԼԻ. Նա չափազանց վշտացած է։ Այն օրից դես, ասում է հանգստություն չունի, Արամազդ, դու մարդկանց մասին զուր տեղը վատ խոսողը չես, այս Օվսաննան էլ է ասում։ Երևի այդ Ադիլբեկյանի մասին մի բան գիտես։ Օվսաննան ուզում է իմանալ: Ես քեզ խորհուրդ եմ տալիս գնալ և բոլորը բացատրել։ Եթե Օվսաննայի նշանածի կյանքում կա մի բան, որ կարող է դժբախտացնել նրան, դու պարտավոր ես այժմ իսկ զգուշացնել նրան։ (Հեռանում է):
ԱՐԱՄԱԶԴ. (Մտածել է: Լեյլիի խոսքերից ազդված, գրիչը ձգում է և ոտքի կանգնում): Այո, դու ունիս իրավունք, Լեյլի, դու խելոք աղջիկ ես։ Այդ խոսքերը պատիվ են բերում քեզ։ Բայց ինչպե՞ս բացատրություն տամ, քանի որ նա համարյա թե ինձ վռնդել է իր տնից։