ԼԵՅԼԻ. Նա քեզ չի վռնդել։
ԱՐԱՄԱԶԴ․ Մերժել — կնշանակե վռնդել։
ԼԵՅԼԻ․ Ինչ արած, ուրիշին է հավանել, ճաշակի բան է։ Բայց նա քեզ հարգում է։
ԱՐԱՄԱԶԴ. Ուրեմն, կընդունի՞ ինձ, եթե գնամ մոտը։
ԼԵՅԼԻ․ Այո, միայն պետք է գնալ մի պատրվակով: Նա այնքան ինքնասեր է, որ չի կամենալ քեզ հետ խոսել իր նշանածի մասին, մանավանդ վատ բան լսել նրա վերաբերմամբ։ Նա ինձ հետ էլ խոսում է շատ զգույշ և ակնարկներով է։ Հասկանո՞ւմ ես միտքս։
ԱՐԱՄԱԶԴ․ Հասկանում եմ։
ԼԵՅԼԻ․ Ուրեմն․․․
ԱՐԱՄԱԶԴ․ Ես կգնամ նրա մոտ, միայն ոչ այսօր։
ԼԵՅԼԻ. Ինչո՞ւ։
ԱՐԱՄԱԶԴ․ Նախ պետք է Օվսաննայի հայրը ոտ դնի իմ տուն, հետո ես։ Ես րոպե առ րոպե սպասում եմ ծերունուն։ Նա պետք է գա, ստիպված է գալ, (Նախասենյակում զանգակի ձայն):
ԼԵՅԼԻ․ Զանգակ, երևի, նա է։ (Գնում է խորքի դռներով):
ԱՐԱՄԱԶԴ․ Գուցե։ (Նայելով իր ժամացույցին): Բայց վաղ է դեռ։
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՑՆՔ և ՇԱՄԻԼ֊ԲԵԳ
ՇԱՄԻԼ-ԲԵԳ․ (Գալիս է Լեյլիի ուղեկցությամբ խորքի դռներով: Գեր, կարմիր երեսով, հաստափոր մարդ է, հագած լայն, երկայն պիջակ, լայն վարտիք։ Ալ ձեռքի ցուցամատի վրա մի ահագին ոսկե մատանի առանց քարի, փորի վրա ժամացույցի հաստ ոսկե շղթա, երեսը մաքուր սափրած է, գլխի կարն խուզած մազերը կոշտությունից նեղ ճակատի վրա ցցվել են ասեղների պես: Շնչառությունը ծանր է, ստեպ-ստեպ կոկորդը բարձրաձայն քերում է)։ Ադա, Արամազդ, աստված խելքդ առել է, ինչ է։ (Ձեռքը մեկնում է հեռվից):
ԼԵՅԼԻ. (Գալիս է Շամիլ-բեգի հետ, նորից վերցնում է գիրքը և նստում է ճաշի սեղանի քով):