հիշում եմ այն բոլորը, ինչ որ անցել է և անցնում է իմ գլխով։ Ա՛ռ, կարդա՛ այս նամակը (տալիս է Գարեգինին բացած ծրարով մի նամակ):
ԳԱՐԵԳԻՆ. Անստորագիր նամակ, ի՞նչ են գրում. «Տիկի՛ն, անկեղծ սրտով խղճում եմ ձեզ։ Այն րոպեին, երբ այս նամակը կանցնի ձեր ձեռքը, ձեր ընտանեկան պատիվը ապականվում է ձեր ամուսնու ձեռքով»... Ոչ, բավական է. այս տեսակ ստոր դրվածք ես կարդալ չեմ կարող:
ՀԵՂԻՆԵ. Շարունակիր, եթե ուզում ես բոլորը իմանալ։
ԳԱՐԵԳԻՆ. (Շարունակում է) «Այո, ձեր ամուսնու մեջ մեռել է ամոթի զգացումը։ Բայց դուք դեռ սիրում եք նրան և հավատում, մի՞թե ձեր անձնասիրությունը չի բողոքում այս անարգանքի դեմ, մի՞թե ձեր մեջ չկա վրեժխնդրության ոգի։ Գրում է ձեզ այս նամակը ձեր ամուսնու վատության զոհերից մեկը, բայց խնդրում է հավատալ նրա խոսքին։ Իսկ եթե կասկածեք, կարող եք ստուգել... ահա ձեզ ճանապարհը»... Այստեղ գրված է մի բնակարանի հասցե և մի ազգանուն: Եվ դու, Հեղինե՛, ուշադրությո՞ւն ես դարձնում այս տեսակ անամոթ գրությունների վրա։ Դա մի թշնամոլ գործ է, ուրիշ ոչինչ...
ՀԵՂԻՆԵ. Այդպես էի մտածում և ես, բայց երեկվա փաստը իմ կասկածը փարատեց։
ԳԱՐԵԳԻՆ. Փաստը, ուրեմն դու...
ՀԵՂԻՆԵ. Այո, չկարողացա ինձ զսպել: Ո՜հ, ամոթը խեղդում է ինձ, երբ հիշում եմ իմ արածը: Երբեք, երբեք չէի կարծում, որ խանդը այնչափ կարող է հաղթել բանականությանս։ Խա՜նդը, ոչ այդ խանդ չէր, այլ ավելի զորեղ զգացում։ Նա ճաշից հետո տնից դուրս գալով, խոստացավ շուտով վերադառնալ, պետք է միասին թատրոն գնայինք. Նա ուշացավ, և դարձյալ չար զգացումը գրգրռվեց իմ մեջ: Այդ վայրկյանին աղախինս բերեց այս նամակը և ասաց, թե մի անհայտ պատանու ձեռքով է ստացվել: Կարդացի և խելքս պղտորվեց։ Աշխատեցի ինձ համոզել, որ այդ մի զրպարտություն է: Բայց ոչ, ես ինձ խաբել չէի կարողանում։ Վերջապես, հանկարծ ինձ տիրեց վճռականության ոգին։ Սկեսրիս հայտնեցի, թե