Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/358

Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ 3



ԱԹԱՆԵՍ,ԱՐԱՄԱԶԴ,ՆԱՐԳԻԶ ԵՎ ՆՈՒՆՈՒՖԱՐ


ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Բարև, տիկին։(Համեստ մոտենում է և համբուրում Նարգիզի ձեռը,հետո հարգանքով սեղմում է Աթանեսի թույլ մեկնած ձեռը):

Կարծեմ չեմ ուշացել։
ԱԹԱՆԵՍ. Ոչինչ, շատ էլ վռազելու պետք չկար։ (Ցույց է տալս իր դիմացի բազկաթոռը): Նստի՛ր։
ՆԱՐԳՒԶ. (Վերցնում է դաշնամուրի վրայից Սամվելի ջութակն ու գլխարկը, տանում է խորքի դռներով, թողնում է մյուս սենյակում և ետ է գալիս):
ԱՐԱՄԱԶԴ. (Դուրս է բերում գրպանից մի թուղթ, բաց է անում և դնում Աթանեսի առջև): Ահավասիկ, պարոն Աթանես։
ԱԹԱՆԵՍ. Ի՞նչ թուղթ է այս։ (Նայում է կեղծ արհամարհանքով):
ԱՐԱՄԱԶԴ. Այդ՝գործարանն ինձ ծախելու պայմանագիրն է։
ԱԹԱՆԵՍ. Իսկ փո՞ղը։
ԱՐԱՄԱԶԴ. Մոտս է:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Խորքի դռներով բերում է երկու բաժակ թեյ և,դնելով սեղանի վրա, նայում է Նարգիզին):
ՆԱՐԳՒԶ. Մի բաժակ էլ ինձ համար բեր։ (Նստում է, Արամազդին) Նստեցե՛ք։
ԱՐԱՄԱԶԴ. Շնորհակալ եմ։ (Նստում է):
ԱԹԱՆԵՍ. (Թուղթն անփույթ հրում է իրանից): Լավ, շատ լավ...Հը՜ը...
ԱՐԱՄԱԶԴ. Ես կամենում էի ձեզ հետ մի ուրիշ գործ էլ անել...
ԱԹԱՆԵՍ. Ի՞նչ գործ, (Թեյ է խմում
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Նարգիզի համար թեյ է բերում խորքի դռներով և իսկույն ետ է գնում):
ԱՐԱՄԱԶԴ. Չէի՞ք կամենալ, արդյոք, ձեր ցամաքած հորերի վիշկաները մեքենաների հետ ծախել մեր ընկերությանը:Միևնույնն է, նրանք ձեզ հարկավոր չեն։
ԱԹԱՆԵՍ. Իսկ քո՞ ինչին են հարկավոր, պարոնս։