Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/36

Այս էջը հաստատված է

ձեզ մոտ եմ գալիս։ Դուրս եկա միայնակ, դողալով, երեսս թանձր քողով ծածկած։ Նստեցի առաջին պատահած կառքը։ Սառն քրտինքը պատել էր ինձ ոտից մինչև գլուխ։ Մութ էր, սակայն ինձ թվում էր, որ բոլոր անկյուններից ինձ վրա են նայում, որ ինձ ծաղրում են, որ իմ կառքի հետևից լրտեսում են։ Ես սարսափում էի իմ արածից, սակայն անհաղթելի ուժը մղում էր ինձ դեպի առաջ։ Գնա՛, շշնջում էր ինձ մի ներքին ձայն, գնա՛, այնտեղ ապականում են քո անարատ անունը, սրբապղծում են քո ընտանեկան մաքրությունը, գնա՛, անձամբ համոզվիր և ճանաչիր նրան։ Ես հասա այնտեղ։ Բարեբախտաբար, դա մի խուլ փողոց էր. մարդ չէր երևում։ Ես քաշեցի դռան զանգակը։ Դուրս եկավ մի աղախին: Հարցրի այն ազգանունը, որ գրված է այդ նամակի մեջ։ Աղախինը շփոթված նայեց ինձ։ Նա երեսս տեսնել չէր կարող, բայց ես երկյուղից և ամոթից ձայնս անգամ փոխել էի։ Հետո հայտնեց, թե հրամայված է ոչ ոքի չնդունել։ Ես բռնությամբ բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, հասա սենյակի դռան։ Նույն վայրկյանին ներսից ականջիս հասավ նրա ուրախ և բարձրաձայն ծիծաղը և մի սուր կանացի քրքիջ: Ասեղի պես այդ ձայնը ցցվեց սրտիս խորքը։ Ուժասպառ, ստորացած, ամոթից ջախջախված ես դուրս եկա...Նայի՛ր, մայրի՛կ, նայի՛ր, ատամներիս տեղը ինչպես դրոշմվել է շրթունքիս վրա: Ես ուզում էի զսպել իմ նախատինքը և դառն արցունքը:

ՀՈՌՈՄ. Տե՜ր, դու ինձ ուժ տուր։
ԳԱՐԵԳԻՆ. Անբարոյակա՜ն մարդ, ահա՛ թե մինչև ուր ես հասցրել քո վատությունը։
ՀԵՂԻՆԵ. Տուն վերադարձա գրեթե անզգայացած։ Փակվեցի սենյակում, ոչ ոքի երեսը չէի ուզում տեսնել։ Ամբողջ գիշերը խելագարի պես պտտվում էի։ Ինձ սթափեցրեց եկեղեցու առավոտյան զանգակի ձայնը։ Նայեցի պատուհանից դեպի դուրս. արշալույսը հազիվ բացվել էր։ Այդ վայրկյանին հիշեցի իմ անմեղ զավակին, անցա մյուս սենյակը, չոքեցի նրա անկողնի մոտ, և արցունքն ու աղոթքը ինձ կրկին կենդանության ուժ պարգևեցին: