Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/375

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 3




ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ


 
ԼԵՅԼԻ. (Նստում է գահավորակի վրա մտազբաղ): Այո, Ֆռանգուլյանների դրությունը ցավալի է, շատ ցավալի։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Ես իսկի էլ չեմ ցավում։
ԼԵՅԼԻ. (Խորին կշտամբանքով): Նոյիմզար, չար մի՛ լինիր։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Մոտեցել է հայելուն ու նայում է իր հագստին): Է՜հ, ասում ես էլի։ Մենք էլ ենք վատ օրեր ունեցել, նրանք ցավե՞լ են։ Քսան տարեկան եղբայր կորցրինք, մի անգամ նրանցից մեկը մեր տուն ոտ դրե՞ց։ Ջահել ամուսին թաղեցի, ո՞վ նրանցից եկավ ինձ մխիթարելու։ Թաղման օրը քո այդ Նարգիզ խանումը խնջույք ուներ։ Աշխարհն այսպես է։ Հիմա մենք պիտի խնջույքներ տանք։
ԼԵՅԼԻ. Բայց մի մոռանար, որ Արամազդն Օվսաննային սիրում է։
ՆՈՅԱՄԶԱՐ․ Իսկի էլ չի սիրում։
ԼԵՅԼԻ. (Դառը հեգնությամբ): Այո, լավ ես հետևում եղբորդ։ Այն օրից, երբ նա պատռել է այդ Ադիլբեկյանի դիմակը, դարձել է անճանաչելի։ Նա տանջվում է, Նոյիմզար, գիտե՞ս, տանջվում է: Գիշերները նա քուն չունի, երբեմն մինչև լուսաբաց պտտում է իր սենյակում, մերթ կիսամերկ, մերթ հագնված։ Քանի-քանի անգամ, շունչս զսպած, ուշադրությունս լարած, այ, այն դռների արանքից հետևել եմ նրան։ Ես տեսել եմ նրա շվաքը պատերի վրա սահելիս, լսել եմ նրա քայլերի ձայնը և ծանր, երկարատև հառաչանքները։ Նա պաշտում է Օվսաննային, իսկ Օվսաննա՜ն... (Ձեռով մի հուսահատական շարժումն անելով, ոտքի է կանգնում և սկսում է անցուդարձ անել):
ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկ Օվսաննան ի՞նչ։ Էլի փքվում է ու տրաքո՞ւմ։
ԼԵՅԼԻ. Նա բնավ չի խոսում Արամազդի մասին, բնավ։ Մի քանի անգամ ես դիտմամբ խոսք բաց արի, նա, կարծես, խուլ է և համր Արամազդի անվան համար...
ՆՈՅԻՄԶԱՐ․ (Բարկանալով): Մի հարցնող լինի, ա՞յժմ ինչովդ ես պարծենում, ամբարտավան, էլ ի՞նչ ունիս գոռոզանալու