սարքեցեք, մի քիչ քեփս բացվի։ Մին բայաթի ղաջար կամ բայաթի շիրազ (նայում է դեսուդեն):
ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկո՜ւյն։ (Ուզում է գրամաֆոնը լարել):
ԼԵՅԼԻ. (Շամիլ-բեգին): Արամազդը չի սիրում։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հաա՞, դե հարկավոր չէ, քույր Նոյիմզար, մի՛ սարքիր։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Հեոանում է գրամաֆոնից):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Արամազդին վերջերս մի քիչ տխուր եմ տեսնում: Չգիտեմ, ո՞վ է նրա էշին կաղ ասել: Չլինի՞ թե դրուստ է, որ ասում են, թե դովլաթը դարդ է անում։ (Դարձյալ նայում է դեսուդեն):
ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ ի՞նչ եք փնտրում, Շամիլ-բեգ։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Մի բան ասեմ, չնեղանաք, քույր Նոյիմզար, ձեր առաջվա կարգ ու սարքը ինձ ավելի էր դուր գալիս։ Այստեղ (վիզը քորելով) մի բան պակասում է։
ՆՈՅԻՄԶԱՐ. Գիտեմ, դաշնամուր։
ԼԵՅԼԻ. Ո՛չ, բուֆետ։
ՇԱՄԻԼ֊ԲԵԳ. Ափարին, քույր Լեյլի, հարիփ ես, լավ իմացար։ (Նոյիմզարին): Ասելս այն է, որ առաջ ամեն բան ձեռքի տակ էր։ Մեկ-մեկ ես ինքս էլ էի մոտենում բուփետին: Մախլա՜ս։
ԼԵՅԼԻ. Եթե գինի եք ուզում, կարող եմ բերել։
ՆՈՅԻՄԶԱՐ. Ո՛չ, ո՛չ, այս սենյակում ուտել-խմելն արգելված է։ Ուզո՞ւմ եք, համեցեք սեղանատուն։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ըմբո՞, այդպես շուտ արիստոկրատ դարձա՞ք։ Լավ, այդ էլ չուզեցինք։ Մի քույրը գրամափոնն է արգելում, մյուսը գինի, արի ու քեփ արա, Շամիլ-բեգ։ (Վեր է կենամ): Ձեր ղուշը խոսել սովորե՞ց։
ՆՈՅԻՄԶԱՐ. Մեկ-մեկ բառ ասում է, չեմ հասկանում։
ԼԵՅԼԻ. (Վերցնում է յուր գլխարկը բազկաթոռի վրայից և գնում է աջ կողմի առաջին դռներով):