Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/38

Այս էջը հաստատված է

ԳԱՐԵԳԻՆ․ Լսի՛ր, սիրելի՛ս։ Ես վաղուց գուշակում էի, որ դու այդ մարդու հետ բախտավոր լինել չես կարող։ Հիշո՞ւմ ես իմ բացարձակ կասկածները, երբ դու դեռ հարսնացու էիր և այնպես հափշտակված նրանով։ Զգո՜ւշյ կաց, ասում էի, այդ մարդը ընտանեկան կյանքի համար չէ ստեղծված։ Նա քո շրջանի մարդ չէ, կրկնում էի, նա ամուսնանում է միմիայն փողի համար։ Հիշո՞ւմ ես։

ՀԵՂԻՆԵ․ Հանդիմանի՛ր ինձ, անիծիր, ես արժանի եմ, որովհետև նրան սիրում էի և․․․
ԳԱՐԵԳԻՆ․ Եվ սիրում ես․․․ Այո, բայց հանդիմանելու համար չեմ ասում այդ։ Անցյալը վերադարձնել չի կարելի, պետք է մտածել ապագայի մասին։ Ուրեմն սառնասիրտ եղիր մի րոպե և լսիր ինձ։ Քո ամուսինը այն մարդկանցից է, որոնց բարոյական սկզբունքները կյանքի վերաբերմամբ շատ խախուտ են։ Այդ տեսակ մարդիկ իրանց գոյության ընթացքում մի նպատակ ունեն միայն— ապրել զվարճանալու համար և զվարճանալ ապրելու համար։ Կյանքի քաղցրությունը նրանք որոնում են իրենց արտաքին զգայարանքներին գոհացում տալու մեջ։ Նրանց ներքին ամայի աշխարհում հոգեկան բարձր զվարճությունների պահանջ չկա։ Ուղղել այդ մարդկանց անհնարին է, որովհետև վարակված մարմնի մի անդամը բուժել չի կարելի առանց ամբողջության։ Եթե դու հույս ունես, որ քո ամուսինը երբևէ կիրագործի քո ցնորքը ընտանեկան խաղաղ ու երջանիկ կյանքի մասին—չարաչար սխալվում ես։ Ուրեմն պետք է դիմել ուրիշ միջոցի։ Այդ միջոցը միայն մեկն է։ Դու հասկանում ես իմ միտքը։
ՀԵՂԻՆԵ․ Ոչ, դու ինձ սարսափեցնում ես քո խոսքերով։
ԳԱՐԵԳԻՆ․ Դու պետք է նրանից բաժանվես։
ՀԵՂԻՆԵ․ Բաժանվել, բաժանվել նրանից․․․ ա՜խ։
ՀՈՌՈՄ. Բաժանվել, ումի՞ց, մարդո՞ւց, որդի՛, այգ ի՞նչ ես ասում։
ԳԱՐԵԳԻՆ․ Այո՛, բաժանվել և մշտապես։
ՀԵՂԻՆԵ․ Օօ՜, Գարեգին, դու անգութ ես, դու սիրտ չունես դու ինձ չես խնայում, մի՞թե ուրիշ խորհուրդ չես կարող տալ։