ՍԱՄՎԵԼ. (Վերկենալով): Ի՜նչ արած, ասում են համառությունը այդպիսի դեպքերում ամենավատ գործակիցն է։ Ուժով սեր գրավել չի կարելի։ Մոռացիր—ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել։
ԱՐԱՄԱԶԴ. Բայց ես նրանից սեր չեմ աղերսում այս նամակներով։ Այստեղ իմ զգացումների մասին ակնարկ անգամ չկա։
ՍԱՄՎԵԼ. Հապա ինչի՞ մասին ես գրել։
ԱՐԱՄԱԶԴ. Վերցրու և կարդա։ Ես Օվսաննայի միջոցով առաջարկում եմ իմ օգնությունը քո հորը։
ՍԱՄՎԵԼ. (Ուրախացած): Այո՞։
ԱՐԱՄԱԶԴ. Այո։ Ես խոստանում եմ իմ բոլոր ուժերը, ճարպիկությունը, նոր ձեռք բերած վարկը գործ դնել ծերունուն դուրս բերելու անել վիճակից, նրա գործերը վերականգնելու։ (Բաց է անում ծրարները և նամակները տալիս է Սամվելին): Ահա կարդա ծայրե ի ծայր, այստեղ մի բան չկա, որից ես կարողանամ ամաչել։
ՍԱՄՎԵԼ. Ես հավատում եմ քեզ առանց կարդալու էլ։
ԱՐԱՄԱԶԴ. Ոչ կարդա, կարդա, և բովանդակությունը հաղորդիր քրոջդ, որ այդպես ոտնատակ է անում իմ անձնասիրությունը։
ՍԱՄՎԵԼ. (Վերցնում է նամակներն ու աչքի է անցկացնում):
ԱՐԱՄԱԶԴ. (Խոսում է անցուդարձ անելով, Սամվելի կարդալու միջոցին): Այդչափ հպարտությո՜ւն։ Ի՜նչպես են ուրիշները կարողանում գրավել կանանց սիրտը—չգիտեմ։ Մի՞թե ավելի դժվար է մի աղջկա համառությունը հաղթել, քան երեկվա գործակատարից այսօր դառնալ ամբողջ բորսայի նախանձի աոարկան։ Մի՞թե ավելի Է հարկավոր, քան անձնազոհությունը:
ՍԱՄՎԵԼ. (Նամակների բովանդակությունից հանկարծ հափշտակված): Արամազդ, դու ուղղակի հազվագյուտ մարդ ես։ Այս նամակները կարող են պատիվ բերել մի ասպետի սրտին ու հոգուն։ Գոնե ինձ թույլ տուր սեղմել քո ձեռը և հայտնել անկեղծ, անկեղծ շնորհակալություն։ (Մոտենում է Արամազդին և ոգևորված բռնում է նրա ձեոը):
ԱՐԱՄԱԶԴ. (Հուսահատ և անտարբեր): Էհ, թողնենք, չարժե։