Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/383

Այս էջը հաստատված է

ՍԱՄՎԵԼ. Այլևս ինչն արժե երախտագիտության, եթե ոչ մի այդպիսի վարմունք։ Ֆռանգուլյանները կարող են կորցնել ամեն բան, բայց երախտագիտություն պետք է ունենան։ Ես այս նամակները կվերադարձնեմ Օվսաննային, կստիպեմ նրան կարդալ, որպեսզի լավ ճանաչի քեզ։ (Ուզում է նամակները դնել իր գրպանը):


ԱՐԱՄԱԶԴ․ Ոչ, թող մնա։ Այդ տեսակ վիրավորանքից հետո— չարժե։ Ես ճանաչեցի, վերջապես քո քրոջը։ Նա իր հոր կատարելատիպն է համառության կողմից։ Տո՛ւր ինձ այդ նամակները։

ՍԱՄՎԵԼ. (Դնում է նամակները սեղանի վրա): Այն ժամանակ իրավունք չունիմ քեզնից որևէ աջակցություն խնդրելու։ Ներիր, որ նեղություն տվեցի։ Մնաս բարև։ (Ուզում է գնալ):

ԱՐԱՄԱԶԴ․ Այդպես չէ, մի՛ շտապիր։ Լևոնին մի՛ խառնիր այդ գործի մեջ։ Ես շատ բան եմ պարտական նրան։ Առավոտը կանուխ ես կգամ ձեր տուն և ինչ որ հարկավոր է, կանեմ։ Այս մեկն իմ սուրբ պարտականությունն է։ Ցտեսությո՜ւն։ (Ձեռ է տալիս Սամվելին):

ՍԱՄՎԵԼ․ Ինչպես կամենաս։ (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ԱՐԱՄԱԶԴ․ (Մի քանի վայրկյան մենակ է: Անցուդարձ է անում, հառաչելով, կատաղելով):

ՏԵՍԻԼ 9


ԱՐԱՄԱԶԴ և ԼԵՅԼհ


ԼԵՅԼԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Տեսնելով Արամազդին հուսահատված, մի քանի վայրկյան չի վստահանում խոսել) Կլուբ չե՞ս գնալու։

ԱՐԱՄԱԶԴ․ (Սթափվելով): Ահ, Լեյլի՞։ Քանի՞ ժամն է։ (Նայում է իր գրպանի ժամացույցին): Տասն է։ Արդեն ուշ է, չարժե։

ԼԵՅԼԻ․ Բայց ահա մի ամսից ավելի է, որ դու երեկոները տնից դուրս չես գալիս։ Այդ լավ չէ։ Ցերեկվա այնչափ