Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/384

Այս էջը հաստատված է

աշխատությունից հետո մի քիչ հանգստանալ հասարակության մեջ անհրաժեշտ է։


ԱՐԱՄԱԶԴ. Լսեցի՞ր ով էր այստեղ։

ԼԵՅԼԻ. Այո՛։

ԱՐԱՄԱԶԴ. Դու դռների ետևից ականջ էիր դևում, այնպես չէ՞։

ԼԵՅԼԻ. (Շփոթվելով): Այո՛։

ԱՐԱՄԱԶԴ. Ոչինչ, քեզ ներելի է. Ահա՜, (Ցույց է տալիս սեղանի վրա դրած նամակները): Երկու նամակ եմ ուղարկել նրան ծառայի ձեռքով, երկուսն էլ վերադարձնում է առանց կարդալու։

ԼԵՅԼԻ. Նա ինձ ոչինչ չի ասել այդ մասին։

ԱՐԱՄԱԶԴ. Այնքան դեպի ինձ անտարբեր է, որ անունս անգամ չի արտասանում։ Ահ, երբեք չեմ մոռանալ այն վայրկյանը, երբ նա, դուրս վռնդելով այն թշվառին, դարձավ ինձ և ասաց. «մի մոտենաք, ես ձեզ արհամարհում եմ»։ Ես ուզում էի նրան խոսքերով մխիթարել, իսկ նա՞... Օօ, նրա դեմքի արտահայտությունն այդ վայրկյանին, նրա ձայնի հնչյունը, ձեռի՛ շարժումը։ Ես ինձ զգացի ստորացած, ոչնչացած։ Եվ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով։ Որովհետև բաց արի նրա աչքերը և ցույց տվեցի այն անդունդը, ուր պատրաստվել էր գլորվելու։ Բայց չէ որ այդ բարություն էր իմ կողմից և ոչ նախանձ, չարություն։ Շնորհակալության փոխարեն վիրավորանք։ Ասա, Լեյլի, դու նրան ճանաչում ես, ի՞նչ է նշանակում այդ առեղծվածը։

ԼԵՅԼԻ. Դժվար է հասկանալ Օվսաննային։ Նա շատ ծածկամիտ է։

ԱՐԱՄԱԶԴ. Եվ այդ բոլորից հետո դարձյալ չկարողացա ինձ զսպել, մի անգամ էլ փորձեցի հիշեցնել նրան իմ մասին։ Լեյլի, Լեյլի, կարծես, մի աներևույթ չար ձեռք բռնել է թևիցս և, հակառակ իմ կամքի ու խելքի, տանում է ինձ անկումից անկում։ Ես միանգամայն զրկվել եմ իմ անձնասիրությունից, Լեյլի, հպարտության կաթիլ անգամ չմնաց իմ մեջ։ Սակայն Նա կարող է արհամարհել ինձ, բայց ինչո՞ւ այդչափ քարսրտություն, ինչո՞ւ, ինչո՞ւ։ (Անցուդարձ է անում):