Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/385

Այս էջը հաստատված է

ԼԵՅԼԻ. Չեմ կարծում, որ Օվսաննան վիրավորելու մտքով է վերադարձրել այդ նամակները։


ԱՐԱՄԱԶԴ. Ախ, Լեյլի, դու ինքդ բարի լինելով, կարծում ես ամենքն էլ քո սիրտն ունին։ Չար է այդ աղջիկը, չար անսիրտ։ Մեկի փոխարեն պատժում է մյուսին։ Մեղավո՞ր եմ ես, միթե որ այսպես հափշտակվել եմ և խելքս կորցրել։ Այո, լինելով նրա հոր գործակատարը, ես պարտավոր էի ճանաչել իմ հասարակական դիրքը և համեստ պահել ինձ։ Բայց մի՞թե գործակատարը սիրտ չունի, հոգի չունի, միթե նա չի՞ կարող զգալ, տանջվիլ, ինչպես ուրիշները։

ԼԵՅԼԻ. Բավական է, քիչ մաշիր սիրտդ։ Չարժե, այսուհետև քեզ համար բոլոր դռները բաց են, դու կարող ես Օվսաննայից ավելի սիրուն և ավելի խելոք հարսնացու գտնել։

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, Լեյլի, ոչ, ոչ ոք չի կարող ինձ այնպես գրավել։ Կամ Օվսաննան, կամ մինչև մահ մենակություն, տխուր և անտանելի կյանք։

ԼԵՅԼԻ. Այս րոպեիս ես կգնամ նրա մոտ և բացատրություն կպահանջեմ։ Դեռ ուշ չէ, դեռ կարող է ինձ ընդունել։ Չի՛ կարելի իմ եղբորն այդպես անպատվել։ Թող իմանա այդ հպարտը, որ դու ևս հպարտ ես, որ այդ նամակներով նրանից սեր չես խնդրում, որ դու մուրացկան չես, այլ, ընդհակառակը, ինքդ ես առաջարկում քո օգնությունը։ Թող նա կարդա գոնե և ամաչի իր արածից։ Տո'ւր ինձ այդ նամակները։ (Ուզում է նամակները վերցնել):

ԱՐԱՄԱԶԴ. (Վերցնում I ծրարները Լեյլիից առաջ ու պատռում): Այդ մասին այլևս ոչ մի խոսք։ Բավական է, որքան ինձ ստորացրի։ Թող կորչի զգացումը, սերն ինձ նմանների համար չէ։ Պետք է մոռանալ և ամեն զգացում խեղդել աշխատության մեջ։ (Հանկարծ զգացվելով): Ահ, այսքան սիրել և այսքան արհամարհվել ու տանջվե՜լ։ (Այլևս չկարողանալով իրան զսպել, նստում է բազկաթոռներից մեկի վրա և, ձեռները սեղմելով գլխին, սկսում է ուժգին հեկեկալ):

ԼԵՅԼԻ. (Մոտենում է): Արամա՜զդ, մի՛ հուսահատվիր.․․

Վարագույր