Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/388

Այս էջը հաստատված է

կլանել ես ուրիշների փողը»։ Թքում էին երեսիս, Նարգիզ, թքում էին։ Աա՜հ։ (Դանդաղ քայլերով անցնում է բեմի ձախ կողմը, ձեռները դնելով խալաթի գրպանները):


ՆԱՐԳԻԶ․ Լավ, գնա, պառկիր, դեռ գիշեր է։

ԱԹԱՆեՍ. (Դեո զառացանքից չի ազատվել): Ի՞նչ, ասում ես, մանեթին քառասուն կոպե՞կ տայի։ Չի լինիլ։ Այ, ձեռքդ կբռնեմ, փողոցները կընկնեմ, մուրացկանություն կանեմ, այդ չեմ անիլ։ (Արտասվախառն ձայնով): Ամենքը երես դարձրին, ամենքը, բարեկամներ, ազգականներ.․․ Մենակ ենք, Նարգիզ, բոլորովին մենակ։

ՆԱՐԳԻԶ. Այո, քանի տունդ լիքն էր, գալիս էին, ուտում, խմում, հազար ու մի գովասանք շռայլում երեսիդ։

ԱԹԱՆԵՍ. Օօ, եթե ես իմանայի, ամենքին շան պես դուրս կանեի իմ դռներից։ Չիմացա, չիմացա... (Անցուդարձ է անում, ձեռքերը գրպանից տանելով և մտցնելով խալաթի թևերի մեջ):

ՆԱՐԳԻԶ․ Ոչինչ, աստծու ողորմությունը մեծ է, էլի կգան այդ օրերը։

ԱԹԱՆԵՍ. (Կանգ առնելով)։ Սո՜ւս, սու՛ս, հերիք է, ինչքան խաբեցի ձեզ։ Մի ոտս գերեզմանի մեջն է, այն օրերն էլ չենք տեսնիլ։ Նա կտեսնի հիմա երջանիկ օրեր, Նա՜: Չարխը շուռ եկավ, նրան բարձրացրեց, ինձ տակովն արավ։ (Նստում է):

ՆԱՐԳԻԶ․ Լավ, գնա քնիր, քիչ տանջիր քեզ և մեզ։ Հերիք է իմ ցավն ինձ... այսօր որդիս ձեռքիցս գնում է...

ԱԹԱՆԵՍ. (Չի լսում Նարգիզին, միշտ իր մտքովն զբաղված)։ Ասում ես, որ մեր դռները նե՞ղ են նրա համար, շա՞տ է հաստացել։ Չեմ ուզում, չեմ ուզում, որ գա այստեղ։ Նա կտեսնի ինձ այս դրության մեջ, կուրախանա, երեսիս քահ-քահ կծիծաղի։ Նա կասի. «տեսա՞ր, որ ես քեզանից խելոք եմ, որ վաճառականությունը դու չգիտես, ե՛ս գիտեմ։ Դե գնա ու պարծեցիր այժմ քո յոթանասունուհինգ տարվա անունով»։ Հեե՜, եթե ես մի խելքը գլխին ժառանգ կո՛ւնենայի, ինչպես հայրս ունեցավ, ցույց կտայի այդ լակոտներին։