Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/393

Այս էջը հաստատված է

Վերադարձրել եմ։ Վերջապես այդ ինձ համար մի անախորժ խոսակցություն է, թողնենք, միևնույնն է, ոչ ոք չի կարող ինձ վրա ներգործել։

ՍԱՄՎԵԼ. Արամազդն արժանավոր երիտասարդ է։ Այսքանը միայն ես պարտք եմ համարում ասելու։
ՆԱՐԳԻԶ․ Այո, ես էլ հիմա տեսնում եմ, որ շատ օրինավոր տղա է։
ՕՎՍԱՆՆԱ․ (Դառը ծիծաղելով): Ահա թե ինչ. չլինի թե մայր ու որդի դավադրություն եք կազմել իմ դեմ։ Մայրիկ, դեռ երկու ամիս չի անցել այն ժամանակից, երբ դու արհամարհում էիր այդ մարդուն և նրա քույրերին, ի՞նչ պատահեց այժմ․․․
ՆԱՐԳԻԶ. Երկու ամիս առաջ այս տունն էլ լիքն էր, հիմա տեսնո՞ւմ ես։
ՕՎՍԱՆՆԱ. (Կանգ է սանում գրգռվելով): Վերջապես, ի՞նչ ես ուզում ինձանից, ասա կարճ-կտրական։ ՆԱՐԳԻԶ․
ՕՎՍԱՆՆԱ․ Այսինքն ծախեմ իմ զգացմունքները, իմ ապագան, իմ ամբողջ կյանքը, ա՞յս ես ուզում։ Վաճառեմ ինձ ձեզ համար, այո՞։
ՆԱՐԳԻԶ. էլ ինչո՞ւ համար ենք քեզ պահել, մեծացրել, որ այսօրվա օրը մեզ օգնության չհասնես։
ՍԱՄՎԵԼ․ Մայրիկ, ես բողոքում եմ այդ խոսքերի դեմ։
ՕՎՍԱՆՆԱ․ Թող ասի, Սամվել, թո՛ղ։ Վերջապես մի օր հարկավոր էր պարզել մեր հարաբերությունները։ Հետո՞, մայրիկ, հետո՞։
ՆԱՐԳԻԶ. Ես բռնություն գործ չեմ դնի քեզ վրա, ես միայն բացատրում եմ։ Եթե դու կարողացար սիրել առաջին պատահածին, Արամազդն այն անառակ Ժորժից հազար անգամ բարձր է։
ՕՎՍԱՆՆԱ․ (Նայել է մորը խորը հանդիմանական հայացքով): Առաջին պատահածի՞ն։ Լավ ասացիր, մայրիկ։ Այդ խոսքերով դու դատապարտեցիր թե՛ քեզ և թե՛ հայրիկին։
ՆԱՐԳԻԶ. (Զայրացած): Օվսա՜ննա։