Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/397

Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ. Այո՛։

ՕՎՍԱՆՆԱ. Եվ դուք այդ ասում եք առանց քաշվելո՞ւ։
ԱՐԱՄԱԶԴ․ Ինչի՞ց պիտի ամաչեմ, օրիորդ։ (Հեզնաբար)։ Վաճառական եմ, իսկ դուք դիտեք, որ վաճառականը առանց հաշվի բարություն չի անում։ (Տոնը փոխելով): Թույլ տվեք ինձ տեսնել Սամվելին։ (Ուզում է գնալ):
ՕՎՍԱՆՆԱ. Սպասեցե՛ք, այս վերջին անգամն է, որ դուք տեսնում եք ինձ։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչը ստիպեց ձեզ բաց անել ժորժ Ադիլբեկյանի գաղտնիքը։
ԱՐԱՄԱԶԴ. Շահը, օրիորդ, շահը։
ՕՎՍԱՆՆԱ. Թողեք հեգնությունը, ես ձեզ հետ լուրջ եմ խոսում։
ԱՐԱՄԱԶԴ. Եվ ես պատասխանում եմ ամենայն լրջությամբ։ Բարոյական շահն էր, որ ինձ ստիպեց պատռել այդ մարդու դիմակը։ Վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ պահանջեցիք, միթե մոռացե՞լ եք։
ՕՎՍԱՆՆԱ. Իսկ ես կասեմ, որ այդ բարոյական շահ չէր, այլ փոքրոգի մարդու նախանձ, անզոր չարություն հակառակորդի դեմ։
ԱՐԱՄԱԶԴ. Թող ձեր ասածը լինի, բայց ճշմարտությունը գոնե
այժմ պարզ է ձեզ համար։
ՕՎՍԱՆՆԱ. Ո՞վ ասաց ձեզ, որ այն ճշմարտությունը ցանկալի էր ինձ համար։ Ո՞վ խնդրեց ձեզ անկոչ հյուրի պես մտնել մի օտար խնճույք և սուգ դարձնել ուրիշների ուրախությունը։
ԱՐԱՄԱԶԴ. Բարեկամի սուրբ պարտականությունը ստիպեց ինձ այդ անել։ Օրիորդ, ձեր երևակայածը խնճույք չէր, այլ նախե՛րգանք մի դրամայի, ուր դուք պիտի կատարեիք դժբախտ հերոսուհու դերը մինչև ձեր կյանքի վերջը։
ՕՎՍԱՆՆԱ. Բայց ես այդ չգիտեի ու երջանիկ էի․ ինչո՞ւ բաց արիք իմ աչքերը։
ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ Օվսաննա, այդ խոսքերը, կարծես, լսում եմ ձեր հոր բերանից։ Ինչպես նա, դուք ևս բարվոք եք համարում ապրել ստի և կեղծիքի մեջ, քան թե իմանալ դառը ճշմարտությունը։ Այո, խոստովանում եմ, ծանր
հարված եմ տվել ձեզ։ Դուք գտել էիք մի փայլուն խաղալիք և ուրախ էիք նրանով։ Ես խլեցի ձեզնից այդ սիրուն