Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/410

Այս էջը հաստատված է

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Լռել է, զանազան նյարդային շարժումներ անելով): Շարունակի՛ր, շարունակի՛ր, ինչո՞ւ դադարեցիր։ Ես խոմ միշտ համբերությամբ լսում եմ քո ագռավի երգը։ Գիտեմ դու ինչ էիր սպասում ինձնից, երբ ամուսնացար հետս։ Դու փափագում էիր, որ փաստաբանի թղթապանակը կռնատակիս դրած գոնե դուռն ընկնեի, սրան շոյեի, նրան շողոքորթեի՝ կլիենտներ ձեռք բերելու։ Դու ավելի երջանիկ կհամարեիր քեզ, եթե ես մի անգամ արդարին պաշտպանելով, հինգ անգամ գողերին ու սրիկաներին պաշտպանեի, ստեի, խաբեի, խարդախեի։ Այո, այն ժամանակ դու ավելի կուշտ կապրեիր և ավելի կհարգեիր ինձ։ Բայց ես չարի այդ, ես ընտրեցի ուսուցչիդ համեստ արհեստը, որ իմ խելքի և ընդունակությունների չափով ծառայեմ իմ խեղճ ժողովրդին։ Ես իմ գրչին ազատեցի դատաստանական խարդախանքների ճահճից և նվիրեցի ազգին։ Լավ արի թե վատ, թող ուրիշներն ասեն, բայց ես այսօր էլ չեմ զղջում, չեմ զղջում, չեմ զղջում։

ԿԱՏԱՐԻՆԵ. Իսկ Արտաշեսը չի անիլ քո արածը։ Ոչ, նա չի հետևիլ քո օրինակին, ես չեմ համաձայնվիլ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Օօ՜, ես գիտեմ, շատ լավ գիտեմ, որ դու չես թողնիլ։ Դու ամեն կերպ պիտի աշխատես խլել նրան ինձանից, դարձնել մի սովորական ողորմելի քաղաքացի կուշտ փորով, ճարպոտ ուղեղով և դատարկ զգացումներով։ Բայց ես հուսով եմ, որ Արտաշեսը քո ասածը չէ, որ նա իմն է և ոչ քոնը։
ԿԱՏԱՐԻՆԵ. էէ, եթե նա խելոք է, ոչ իմը կլինի և ոչ քոնը, այլ կպատկանի ինքն իրան։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հա, այդպես ասա։ Ես դեմ չեմ, թող նա չհետևի ինձ, ուրիշ ճանապարհով օգնի իր ազգին։ Բայց օգնի։ Լսի՛ր, Կատարինե, լավ Լսի՛ր։ (Մոտենում է և ձայնը ցածրացնելով): Վերջերս ինչ-որ նոր քամիներ է գալիս հյուսիսից։ Հայ երիտասարդները սկսել են, վրացիներին հետևելով, վարակվիլ այդ քամիներով, այսինքն այնպիսի գաղափարներով, որ միանգամայն հակառակ են մեր հասարակության շահերին։ Եթե Արտաշեսն էլ վարակվել է,