Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/417

Այս էջը հաստատված է

պարտականություն։ Քանի որ այդ պարտականությունը կատարված չէ, չեմ կարող պատկանիլ ոչ միայն իմ ծնողներին, այլև ինքս ինձ։

ԿԱՏԱՐԻՆԵ. Լսու՞մ ես, աղջի, ես ոչինչ չեմ հասկանում։ Բացատրիր ինձ, ի՞նչ է ուզում ասել։
ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, նրա ասածն ինձ համար էլ մի հանելուկ է։
(Կոտրտված ամանի փշրանքը ժողովում է, տանում դուրս խորքի դռներով, իսկույն ետ է գալիս):
ԱՐՏԱՇԵՍ. Մայր, մի ստիպիր ինձ ասել այն, ինչ որ չունիմ իրավունք ասելու։ Մի ստիպիր նույնպես ստելու։ Ես զզվում եմ ամեն տեսակ ստերից։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Թուլացած նստում է): Դու այնպիսի մի հարված տվեցիր ինձ, որ աշխարհը գլխիս մթնեց։ Հինգ տարի սպասել և վերջը ա՞յդ լսել։ Արտաշե՜ս, Արտաշե՜ս, դու սիրտ չունիս։
ԱՐՏԱՇԵՍ. (Հառաչում է ծանր): Թող այդպես լինի։ Ներիր ինձ, ես պիտի մի քանի կարևոր նամակներ գրեմ։ (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները):
ԿԱՏԱՐԻՆԵ. (Ուշքը ժողովելով, արագ ոտքի է կանգնում): Ո՛չ, կա՛ց։ Այդ ինչու՞ այդպես ծանր հառաչեցիր։ Ես ուզում եմ իմանալ քո հոգսը։ Կյանքս տակն ու վրա մի՛ արա. ինչո՞ւ համար ես փախչում ծնողներիդ տնից։ Քննությու՞ն ունիս։
ԱՐՏԱՇԵՍ. Ո՛չ,
ԿԱՏԱՐԻՆԵ. Քեզ քշո՞ւմ են այստեղից։
ԱՐՏԱՇԵՍ. Ո՛չ։
ԿԱՏԱՐԻՆԵ. Սիրահարվա՞ծ ես։
ԱՐՏԱՇԵՍ. (Գրգռված): Ո՛չ, ո՛չ, ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Մա՛յր, աղաչում եմ քեզ։ Մի՛ գցիր ինձ նեղը քո անհանգիստ հարցերով։ Ես ճշմարտությունն ասել չեմ կարող, իսկ ստել չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում։ (Ուզում է գնալ):
ԿԱՏԱՐԻՆԵ. (Առաջն առնելով): Որդի, ինչու՞ ես նեղանում, չէ՞ որ ես մայր եմ և դու իմ միակ որդին ես։ Ինչու՞ես թաքցնում ինձնից քո հոգսերը։
ԱՐՏԱՇԵՍ. ժամանակին ամեն բան կիմանաս, մայր, հանգիստ